Գյումրեցիները խաղեր են ստեղծում Facebook-ի համար

Աղասին համակարգչային խաղերի ստեղծմամբ սկսել է զբաղվել ուսանողական տարիներից. սկզբում այն հոբբի էր, հետագայում ոլորտի հանդեպ վերաբերմունքն ավելի լրջացավ ու հիմնականում ռուս պատվիրատուների համար սկսեց խաղեր ստեղծել: Հետո ծանոթացավ ծրագրավորման նորագույն մեթոդներին, ապա ծնվեց ընկերների հետ միավորվելու և սեփական խաղերը ստեղծելու գաղափարը:
«Ես մտածում եմ, որ կարելի է խաղեր ստեղծել ոչ միայն մարդկանց զոմբիացնելու համար, այլև՝ ինտելեկտի զարգացման: Այս պահին մեր թիմը հենց այդպիսի խաղի ստեղծման վրա է աշխատում», -ankakh.com-ի փոխանցմամբ՝ ասում է «ԱՆՆԱՆԻԿՍ» ՍՊԸ տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը:
Ասում է, իրենք միայնակ այսպիսի հաջողությունների չէին կարող հասնել. երբ 2014-ին ծանոթացել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների հետ, երիտասարդ ծրագրավորողների համար նոր ճանապարհ է բացվել: Եվ կենտրոնի նորակառույց շենքում՝ վերջինիս գույքով ու տեխնիկական միջոցներով, սկսում է իր գործունեությունը ծավալել խաղային ինդուստրիայում արդեն առաջատար դիրքեր ունեցող«ԱՆՆԱՆԻԿՍ» ընկերությունը: Նրանք խաղեր են ստեղծում սոցիալական ցանցերի համար, որոնք իրենց մեջ ներառում են նաև մոբայլ լուծումներ:
Հենց այս ընկերությունն է, որ վերջերս շահել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի դրամաշնորհը և հիմա աշխատում է նոր ինտելեկտուալ խաղի ստեղծման վրա:
Ծրագրավորողը համոզվել է՝ Գյումրիում ՏՏ ոլորտը ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ է տալիս երիտասարդներին ու բերում սեփական օրինակը.
«Երբ ես ներկայացրեցի տեխնոլոգիական կենտրոնում իմ գաղափարի մասին՝ ինձ խորհուրդ տվեցին բիզնես պլան կազմել, օգնեցին ամեն ինչ ճիշտ անել և արդյունքում մասնակցեցինք դրամաշնորհին ու հաղթեցինք»:
Աղասի Գյուրջօղլյանը նշում է, որ այսօր ՏՏ ոլորտի երևանյան լավագույն մասնագետները գյումրեցի են, և պետք է բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել նրանց վերադարձնելու ու նոր ուժերի արտահոսքը կանխելու համար: