Հունական կայքն Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ»-ի ամենագեղեցիկ մասնակիցներից է համարում

Հունական gazzetta.gr կայքն Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ2016»ի ամենագեղեցիկ մասնակիցներից է համարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` կայքը հրապարակել է երգչուհու լուսանկարների մեծ շարք:
«Հայաստանը «Եվրատեսիլ-2016» ին կներկայացնի Իվա Մուկուչյանը, որն այս պահին մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցն է: Իսկապես հիասքանչ հայ երգչուհի»,հավելել է կայքը: Հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը: Եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ»ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
«Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին», ավելի վաղ նշել է Իվետա Մուկուչյանը:
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան: Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի:
2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաեւ մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»: