ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարին:
ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ համագումարում Կարեն Միրզոյանն ընթերցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես նշվում է ՌՀՄ ներդրումն Արցախի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը ԼՂՀ-ում կարևոր նախագծերի իրականացմանը և Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածմանը:
Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի պետական պալատում մասնակցել է 2014թ. ՌՀՄ-ի կողմից հաստատված «Համաձայնություն» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: