Սփյուռքի նախարության աշխատակազմի ղեկավարը հանդիպեց Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարար-նախագահ Ռուդի Դեմոտեին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/a110.jpg)
ՀՀ սփյուռքի նախաարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Սիրիահայերի հիմնխնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում հանդիպեց Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարար-նախագահ Ռուդի Դեմոտեին, ով մասնակցում է Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին:
Ողջունելով հյուրին՝ Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի սոցիալական, առողջապահական, կրթական և այլ խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված աշխատանքները: Ֆ. Զաքարյանը նաև կարևորեց միջազգային կազմակերպությունների և համահայկական կառույցների կողմից ցուցաբերված աջակցությունը, ներկայացրեց մասնավորապես «Սիրիահայերի հիմնխնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նպատակները, ինչպես նաև այն մեծ աջակցությունը, որ կենտրոնին ցուցաբերել է ՀԲԸՄ-ն` նվիրելով ներկայիս գրասենյակը:
Ռուդի Դեմոտեն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ փախստականների խնդիրը ներկայիս լրջագույն մարտահրավերներից է և իրենց 110 000 բնակչություն ունեցող քաղաքում Սիրիայից 1000 փախստական է հանգրվանել: Վալոնիա-Բրյուսել դաշնության ղեկավարությունը փորձում է լուծել նրանց կրթական առողջապահական և սոցիալական խնդիրները` միաժամանակ հաշվի առնելով այլ երկրների` մասնավորապես Հայաստանի փորձը:
Ռուդի Դեմոտեն բարձր գնահատեց Սիրիահայերի հիմնխնդիրները համակարգող հասարակական կազմակերպության գործունեությունը և ցանկացավ առավել հանգամանալից ծանոթանալ կենտրոնի կողմից իրականացրած աշխատանքներին, լսեց կենտրոնի սիրիահայ աշխատակիցների պատմությունները, դիտարկումներն ու տեսակետները կապված սիրիական թնջուկի և նոր զարգացումների հետ և հաջողություն ու բարեկեցություն մաղթեց նրանց: