Hermes-ի տղամարդկանց հավաքածուն հայ կին է ստեղծում

Ֆրանսիական հայտնի Hermés բրենդի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից: Այս մասին panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Նովոստնիկ.ռու» կայքը: Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար:

Նա ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արևմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում: Մասնագիտական կրթություն ստանալով՝ նա աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermés ընկերությունում:

«Hermés-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Ես այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձևության սեփական տունն ունենալու մասին»,-ասել է Նիշանյանը:

Նորաձևության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո Նիշանյանն սկսել է աշխատել Hermés-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:

«Ես հուզվում եմ ամեն ցուղադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermés. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձևության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջև են»,-լրատվամիջոցին պատմել է նա:
Աղբյուրը նշում է, որ Hermés-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին և այլք:

Scroll Up