Ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակվածներից մեկը նախկին ոստիկան է

Թուրք հայտնի լրագրող, թուրքական «Հուրիեթ» պարբերականի աշխատակից Ահմեթ Հաքանի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկը եղել է հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող Ահմեդ Հաքանի վրա հոկտեմբերի 1­ի գիշերն անհայտ անձինք հարձակում էին իրականացրել, կոտրել նրա քիթն ու կողոսկրերը, ինչի հետևանքով լրագրողին երկու օր անց վիրահատության էին ենթարկել: Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

Հետագայում հայտնի դարձավ, որ հարձակումն իրականացրած չորս երիտասարդներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են: Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:

Scroll Up