Հրանուշ Հակոբյան. Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք

«Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, սփյուռքում գործող մեր կառույցները, ակտիվիստներն ամեն մեկն իր երկրում պետք է կարողանա ճնշում գործադրել տվյալ երկրի իշխանությունների վրա՝ որպեսզի իրենց խոսքն ասեն, միջամտեն այն ամենին, ինչ փորձում է անել Ալիևը»,-ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Նա հիշեցրեց, երբ 2014 թվականի սեպտեմբերի 15-20-ին տարբեր երկրների հայկական կառույցների ներկայացուցիչներ էին հավաքվել ու որոշում էին առաջնահերթությունները, դրանցից մեկը հենց ղարաբաղյան հիմնախնդիրն էր. «Ոչ միայն Հայաստանի, այլ ողջ հայ ազգի խնդիրն է: Մենք պայմանավորվածություն ունենք՝ շատ դեպքերում, երբ լարվածություն է առաջանում սահմանին, դիմում ենք մեր սփյուռքյան կառույցներին: Նրանք ցույցերով, ճնշումներով փորձում են այդ երկրների իշխանություններին մասնակից դարձնել այդ գործընթացին»:Ըստ Հ. Հակոբյանի՝ Ադրբեջանը սահմանին լարված վիճակ է ստեղծում՝ փորձելով վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահավաքի այս ժամանակահատվածում:

«Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր Հանրապետությանը: Մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց նախարարը:

Հ. Հակոբյանը նշեց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, «ցանկանում է խնդրի լուծմանը հասնել Մինսկի խմբի շրջանակներում, ոչ թե այն ճանապարհով, ինչ Ալիևը»:

Scroll Up