Արցախցի երեխաների հանգիստը Կրասնոդարում
Երկրորդ տարին է՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի երեխաները հյուրընկալվում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Վիտյազևա ավանում: Անցած տարի տարբեր գյուղերից զոհվածների ընտանիքների 15 երեխաներ էին եկել, իսկ այս տարի Ներքին Հոռաթաղից էին, որոնց ընտրել էր գյուղի հատուկ խորհուրդը: Չնայած ցանկացողների թիվը մեծ էր, բայց ընտրվել էին 17 հոգի: Նրանք 7 անմոռանալի օր անցկացրեցին Սև ծովի ափին: Բարերարները հետաքրքիր ծրագիր էին կազմել, որը հագեցված էր էքսկուրսիաներով, զվարճալի ժամանցով և հանդիպումներով: Ամեն մի պահը նոր տպավորություն էր նրանց կյանքում: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Արշալույս Երեմյանը:
Նրանք հանդիպեցին կրասնոդարցի համագյուղացիների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև «Սբ. Սարգիս» եկեղեցու քահանա տեր Պետրոս Բաղրամյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Քամալյանը և «Ներքին Հոռաթաղ» հիմնադրամի ակտիվ մասնակիցները: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև ստեղծվեց ջերմ մթնոլորտ, որի ընթացքում ամեն մեկը պատմում էր իր հաջողությունների, երազանքների ու ցանկությունների մասին:
Սուրբ Խաչի տոնին արցախցի երեխաները եղան Անապայի «Սբ. Գևորգ» եկեղեցում, ներկա գտնվեցին Սուրբ պատարագին, որից հետո տեր Երեմիան օրհնեց նրանց ու բարի ճանապարհ մաղթեց: Վերջում երեխաները մատաղ համտեսեցին:
Երեխաները շատ գոհ էին և իրենց շնորհակալությունն էին հայտնում «Հոռաթաղ» ֆոնդի անդամներին՝ այդպիսի երախտապարտ գործի համար:
«Ներքին Հոռաթաղ» հիմնադրամը շարունակում է իր բարեգործական աշխատանքները, համալրվում է բարերարների ցուցակը: Հանուն գյուղի ծաղկման և բարգավաճման՝ ամեն մի համագյուղացի պետք է իր կարողության չափ օգնի գյուղին: Առաջիկայում մեծ աշխատանքներ են նախատեսված: Մեք պարտավոր ենք ծաղկեցնել և հզորացնել մեր հայրենիքը: