ՀԲԸՄ-ի աջակցությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք

սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում տեղի կունենա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը’ մասնակցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանի, ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի:

Աշխարհահռչակ General Electric ընկերության Brivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ’ Արտեմիս Նազարյանի և նրանց որդու’ ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի նվիրատվությունն է կենտրոնին:

Սարքն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշման: Այս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ:

Սարքի ընդհանուր արժեքն է 1,400,000 ԱՄՆ դոլար:

Բացման հանդիսավոր արարողությանից առաջ ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կստորագրեն երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:

Սա Նազարյան ընտանիքի հերթական խոշոր նվիրատվությունն է հայրենիքին: «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնը, որի բացումը տեղի է ունեցել 2010թ., նույնպես հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ’ ի դեմս Նազար և Արտեմիս Նազարեանների, ովքեր այդ նպատակի համար նվիրաբերել էին 1,7 մլն ԱՄՆ դոլար:

Scroll Up