Երիտասարդական նվագախումբը Ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Իսպանիայում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Իսպանիայում: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Համերգներ ունենք Ավստրիայում` Վիեննայում և Լինցում: Սեպտեմբերի 18-­ին Լինցում`Բրուքների փառատոնի շրջանակում, հանդես կգանք համերգով, իսկ սեպտեմբերի 21­-ին Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգ է լինելու Վիեննայի Մյուզիքֆերայն համերգասրահում: Դասական երաժիշտների համար այն լավագույն դահլիճներից մեկն է, մեզ համար դա մեծ հաղթանակ է:

Այնուհետև մեկնում ենք Իսպանիա. սեպտեմբերի 25-­ին և 26-­ին հանդես կգանք Սարագոսայի Sala Mozart և Մադրիդի Teatro Real համերգասրահներում: Վերջին համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են»,­նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Իսպանական հյուրախաղերի ժամանակ առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ճանաչված ջութակահար Արա Մալիկյանի հետ:

«Արա Մալիկյանը հայազգի ջութակահար է, ծնվել է Բեյրությում, հիմա ապրում է Իսպանիայում: Նա լատինախոս երկրներում ամենահայտնի մարդն է, որի հետ համերգը միանշանակ մեծ հաջողություն է: Շատ կարևոր է, որ նվագախումբն առաջին անգամ այցելում է Իսպանիա, համերգ տալիս Teatro Real­ում այն արտիստի հետ, որն այդ երկրում ամենաճանաչվածն է ու հաջողակը»,­ նշեց նա: Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` Արա Մալիկյանին միանշանակ Հայաստան են բերելու: «Պետք է հրավիրենք Հայաստան: Նա հայազգի հերոս է, բայց լավ ճանաչված չէ Հայաստանում: 2016­-ի համերգաշրջանում պետք է նրան ներկայացնենք Հայաստանում»,­ընդգծեց նա: Սմբատյանը փաստում է` նվագախումբը շրջագայությունների բոլոր համերգներին չի կատարելու ողբերգական երաժշտություն. հնչելու են հայ ազգի վերածնունդը խորհրդանշող գործեր:

«Մեզ համար շատ հաճելի է, որ հանդես ենք գալու Մյուզիքֆերայնի և Teatro Real-­ի պես համերգասրահներում: Աշխարհում 30-­40 լավագույն նվագախմբեր կան, նրանցից բոլորը չէ, որ հանդես են եկել այս երկու դահլիճներում: Մեզ դա հաջողվել է»,-­եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:

Scroll Up