Գրքի շնորհանդես Կիևում

Կիևում տեղի ունեցավ հայ նորագույն արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի ուկրաիներեն թարգմանված «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Լվովում 2015 թվականին:
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական գրախանութի շնորհանդեսների հարմարավետ սրահում ժողովածուն ներկայացրեց թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը, իսկ երեկոն վարեց Սալոմե Ենգիբարյանը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում է Ռուզաննա Մարտիրոսյանը:
Շնորհանդեսին ներկա էին ուկրաինացի հայտնի գրողներ, թարգմանիչներ, լրագրողներ և հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ:
Երիտասարդ ու շնորհալի արձակագրի ինքնատիպ ու յուրահատուկ ոճն առաջին իսկ պահից իր անմիջականությամբ գրավեց ընթերցասերներին: Երեկոն անցավ ջերմ և բարյացկամ մթնոլորտում:
Վստահորեն կարող եմ նշել, որ այսպիսի հանդիպումները մեր հայրենիքի տաղանդավոր երիտասարդների հետ բացառիկ հաճույք են պատճառում Սփյուռքում բնակվող հայ մտավորականներին: