«Մոնակոյի սիրտը հայ երեխաներին» կազմակերպության ղեկավարը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սրտաբանների եվրակովկասյան  5-րդ համաժողովի մասնակից, սրտի և կրծքավանդակի վիրահատության Մոնակոյի կենտրոնի վիրաբույժ, հայազգի պրոֆեսոր Արմանդ Էկերին:

 Ողջունելով հյուրին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց նման կարևոր միջոցառմանը մասնակցելու, Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացմանն իր նպաստը բերելու համար և կարևորեց մասնագիտական համաժողովների դերը ազգային ներուժի համախմբման գործում: Նա նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի միջոցառումից հետո ծնվում և կյանքի են կոչվում նոր ծրագրեր, համագործակցության նոր ուղիներ են բացվում, ստեղծվում է փորձի փոխանակման նոր հնարավորություններ:

 Արմանդ Էկերը բարձր գնահատեց սրտաբանության և, մասնավորապես, սրտի վիրաբուժության ոլորտում հայ մասնագետների ձեռքբերումները և նշեց, որ իր նախաձեռնությամբ 2011թ. Մոնակոյում ստեղծվել է «Մոնակոյի սիրտը հայ երեխաներին» բարեգործական կազմակերպությունը, որի պատվո նախագահն է արքայազն Ալբերտը: Կառույցը սերտորեն համագործակցում է Մոնակոյի կարմիր խաչի հետ և նախատեսել է Հայաստանից տարին 10 սրտի խնդիր ունեցող երեխա տեղափոխել և վիրահատել: Արդեն Հայաստանից Մոնակո է տեղափոխվել 11 ամսական փոքրիկ էլենը, որին հաջողությամբ վիրահատել են:

 Կարևորելով նման գործնական նախաձեռնությունները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը, համագործակցելով առողջապահության նախարարի հետ, խոստացավ լուծել բոլոր հնարավոր կազմակերպչական հարցերը:

 Կողմերն անդրադարձան նաև Մոնակոյի փոքրաթիվ համայնքի խնդիրներին: Արմանդ Էկերըը նշեց, որ առաջիկայում Հայստանից մոնակո է տեղափոխվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը:

 Հյուրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համագործակցության համար:

armand.

Scroll Up