Հայ մասնագետի ստեղծած ռոբոտը շախմատ կխաղա գրոսմայստերների հետ

Դիջիթեք ամենամյա 11­-րդ ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Լրագրողների հետ սեպտեմբերի 9-­ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Երբ մենք կազմակերպել էինք ԴիջիԹեք առաջին ցուցահանդեսը, ապա այն ժամանակ ունեինք երեսուն մասնակից և չորս հազար այցելու, իսկ այս տարի մեր տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու են ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ պետք է գերազանցի 40 հազարը»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ ցուցահանդեսի հիմնական կարգախոսն է`«տոն տեխնոլոգիական հայության համար»: Նա նկատեց, որ եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններին բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:

«ԴիջիԹեք 2015­-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլ ընկերություններ. այդ ընկերությունների մասնակցությունը մեր ցուցահանդեսին մեր ցուցահանդեսի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերությունը, որը մեզ հետ կիսվեց իր գործնական բազմաթիվ կապերով, որի շնորհիվ մեր ցուցահանդեսը հասել է այսպիսի բարձր մակարդակի»,-­ շեշտեց Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը հավելեց, որ հարյուր հոգանոց տեխնոլոգիական խումբ է ժամանելու ԱՄՆ­ից: «Մենք նախատեսում ենք, որ ցուցահանդեսի առաջին օրը մեր ՏՏ ընկերությունները կծանոթանան ԱՄՆ­ից ժամանած իրենց հայ գործընկերների հետ, որից հետո մենք նախատեսում ենք հոկտեմբերի 3-­ին ՏՏ ոլորտի վերաբերյալ պրոբլեմային քննարկում անցկացնել ՀՀ վարչապետի հետ ՀՀ­ում ՏՏ ոլորտի մարտավարային խնդիրների վերաբերյալ»,­- նշեց փորձագետը` հավելելով, որ ցուցահանդեսին լինելու է ներկայացված է լինելու մեր հայրենակցի կողմից ստեղծած շախմատ խաղացող ռոբոտ, որը մրցելու է մեր հայ գրոսմայստերների հետ, ինչը անակնկալ կլինի մեր Շախմատի ֆեդերացիայի նախագահի համար:

Իր հերթին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ, լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով, իր ղեկավարած ընկերությունը հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ միջոցառումներ:

««Յուքոմ»-­ը 2009 թվականից մասնակցում է ԴիջիԹեքին`ներկայացնելով մեր ծառայությունները: Այս տարի մենք կներկայացնենք բոլորին այն նորարարությունները և նոր ծառայությունները, որոնք հաջորդ տարվանից հրամցնելու ենք մեր բաժանաորդներին: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումների անցկացումը, որի շնորհիվ մեր հանրության ավելի լայն շերտեր են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ»,­-հայտնեց Եսայանը` հիշեցնելով, որ ԴիջիԹեք ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու և միջազգային կապեր ստեղծելու ու ընդլայնելու համար:

ԴիջիԹեք 2015-­ը անցկացվելու է հոկտեմբերի 2­-4­-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունենալու ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքային տոնավաճառ, ինչպես նաև մի շարք այլ մշակութային միջոցառումներ:

Scroll Up