Թեհրանում լույս է տեսել «Խոստովանում. թուրքերը և քրդերը խոսում են Հայոց ցեղասպանության մասին» գիրքը

Իրանում պարսկերենով հրատարակվել է Թեհրանի Հայ դատի հանձնախմբի անդամ, Թուրքիային առնչվող հարցերի ուսումնասիրող Իսակ Յունանեսյանի «Խոստովանում. թուրքերը և քրդերը խոսում են Հայոց ցեղասպանության մասին» գիրքը:

Akunq.net-ի փոխանցմամբ, սույն ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում ամփոփ կերպով ներկայացված է Թուրքիայի պետության վարած քաղաքականությունը` Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի ուղղությամբ:

Գրքի երկրորդ մասում տեղ են գտել տարբեր թուրք ու քուրդ մտավորականների հայտարարությունները` Մեծ եղեռնի վերաբերյալ: Մասնավորապես ներկայացված են թուրք հրապարակախոս, Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից` Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ Փաշայի թոռան` Հասան Ջեմալի, թուրք հայտնի արձակագիր Օրհան Փամուկի, թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամի, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի, ուսումնասիրող Սաիթ Չեթինօղլուի, պատմաբան Մուրադ Բարդաքչըի, լրագրողներ Ջենգիզ Աքթարի և Օրհան Քեմալ Ջենգիզի, ծագումով լազ և թուրք եղող բանաստեղծ Սերքան Էնգինի, զազա քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրի, Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի, քուրդ ուսումնասիրող Նամըք Քեմալ Դինչի, «Անադոլու քյուլթյուր» կազմակերպության ղեկավար խորհրդի նախագահ Օսման Քավալայի և այլոց տեսակետները:

Scroll Up