Թուրքիայում համշենահայերի ձուլման քաղաքականության մասին գիրք է հրատարակվել

Թուրքիայում լույս է տեսել Արդվինում ծնված, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող և ակտիվիստ Հուրիյե Շահինի՝ «Ինչպես է ձուլման քաղաքականությունը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմություն և համշենահայեր» աշխատությունը:
Այս գրքով հեղինակը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է ազգերի ձուլման քաղաքականությունն ազդում լեզուների վրա: Շահինը նշել է, որ գրքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տեղի ունեցող ձուլման գործընթացներին առհասարակ, և Համշենի հայերի ձուլման քաղաքականությանը՝ մասնավորապես: Հայկական արմատներ ունենալով՝ Շահինն օգտվել է նաև հայկական պատմագիտական աղբյուրներից:
Հեղինակի կարծիքով ձուլումը սկիզբ է առնում մայրենի լեզվի ոչնչացմամբ: Այս երևույթի ուսումնասիրմանը գրքում մեծ տեղ է տրվել:
«Ժողովուրդները գոյություն ունեն իրենց մայրենի լեզվի շնորհիվ: Մայրենին ազգի ձևավորմանը զուգահեռ զարգացող ինքնարտահայտման միջոց է: Եթե մայրենի լեզուն ոչնչացվի, ազգն էլ կոչնչացվի: Եթե դուք լեզու չունեք, ուրեմն արդեն ձուլվել եք, փոխակերպվել: Իսկ պետության նպատակը այս դեպքում հենց փոխակերպելն է», – նկատել է տալիս իր գրքում Հուրիյե Շահինը: