Կանադայի վարչապետը հանդիպել է սիրիահայ փախստականներին

Օգոստոսի 10-ին Կանադայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերն ու իր ընտանիքը Տորոնտոյի մոտակայքում գտվնող ղպտիների Սուրբ Մարկոս եկեղեցում հանդիպել են սիրիահայ փախստական մի ընտանիքի:Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Հայ-կանադական պահպանողական ընկերակցությունից (Armenian Canadian Conservative Association):

Կանադայի վարչապետը զրուցել է սիրիահայ Լեւոն Դանայանի, նրա տիկնոջ՝ Մայդա Մոմջյանի եւ նրանց երկու երեխաների՝ Արազի եւ Գեւորգի հետ, ովքեր Կանադա են տեղափոխվել այս տարվա հունիսին:

Հանդիպման ժամանակ սիրիահայ ընտանիքը Կանադայի վարչապետին է փոխանցել հարյուրավոր իրաքահայ եւ սիրիահայ փախստականների անունից ստորագրված շնորհակալան մեծ բացիկ, որով նրանք երախտագիտություն են հայտնում կանադական կառավարությանն իրենց աջակցելու համար:

Հանդիպումից հետո վարչապետը հայտարարել է, որ վերընտրված Կանդական պահպանողական կառավարությունը հանդես կգա նոր՝ երեք տարի տեւողությամբ եւ 9 միլիոն դոլար ծավալով ծրագրով՝ աջակցելու Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից  հետապնդումների եւ հալածանքների ենթարկված կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ քրիստոնյաներին:

Վարչապետի առաջարկած այս ծրագիրը նախատեսում է առաջիկա 4 տարիների ընթացքում Կանադայում ընդունել Իրաքից եւ Սիրիայից շուրջ 10 հազար փախստականի:

«Ամուր ժողովրդավարական հասարակությունները, ինչպես Կանադան, հարգում են կրոնական բազմազանությունը: Վերընտրված Պահպանողական կառավարությունը շարունակելու է սատարել կրոնական ազատությանը եւ պաշտպանել կրոնական փոքրամասնություններին՝ դա համարելով որպես Կանադայի արտաքին քաղաքականության հիմնասյուններից մեկը»,- ասել է վարչապետ Հարփերը:

Scroll Up