Վատիկանը հայ սրբերի նկարներով նամականիշեր է թողարկել

Armenianchurchco.com-ը տեղեկացնում է, որ Վատիկան քաղաք-պետության կառավարության ֆիլատելիստական գրասենյակը 2015թ. թողարկել է նամականիշեր Սբ. Գրիգոր Նարեկացու և Երանելի Իգնատիոս Մալոյանի պատկերներով: Այս մասին գրում է Կաթողիկէ Եկեղեցու պաշտոնական լրատվությունը ներկայացնող zenith.org լրատվական գործակալությունը և տեղեկություններ հաղորդում այդ երկու ականավոր հայերի մասին:

 Ըստ այդմ, գործակալությունը տեղեկացնում է, որ Երանելի Իգնատիոս Մալոյանը նահատակվել է 100 տարի առաջ, եղել է Թուրքիայի Մարտին քաղաքի եպիկոպոսը, իր հովվության բոլոր համայնքներում զարգացրել է Հիսուսի Սուրբ Սրտի և Աստվածածնի հանդեպ ջերմեռանդական աղոթքները: Երիտթուրքական կառավարության հավատուրացության պահանջին պատասխանել է, որ կնախընտրի մեռնել ու Խաչի փառքը վաստակել, քան թողնել ճշմարիտ հավատքը:

 Սբ. Գրիգոր Նարեկացու մասին գործակալությունը հիշեցնում է, որը 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը այդ մեծ սրբին հռչակեց «Եկեղեցու վարդապետ»: Նա մեկն է Կաթողիկէ Եկեղեցու 36 Վարդապետներից և մեծ տեղ ունի ընդհանրական Եկեղեցու ականավոր աստվածաբանների կողքին՝ իր անմահ «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Scroll Up