Թուրքիայում տապալվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերջին փորձը

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Ահմեթ Դավութօղուն օգոստոսի 17-ին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, գրում է Tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ Բահչելիի հետ անկեղծ զրույց են ունեցել և պարզել, որ կոալիցիա կազմելն անհնար է:

Նա նշել է, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա:

«Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։

Դրանից հետո առաջ էր քաշվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը, սակայն խորհրդարան անցած մյուս երեք ուժերի հետ բանակցություններն այդ հարցում արդյունք չէին տվել: Եթե մինչև օգոստոսի 23-ը երկրում կառավարություն չձևավորվի, ապա արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։

Scroll Up