Վեց դար հայրենիքից հեռու գտնվողները պահպանում են հայ մշակույթը, մի քանի տարի առաջ մեկնածները` ոչ

Քեսաբի շուրջ 2000-անոց հայ համայնքը 600 տարի հայրենիքից հեռու բնակվելով, շարունակում է պահպանել հայկական լեզուն ու մշակույթը, մինչդեռ ոչ բոլոր գաղթօջախներին է դա հաջողվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց համահայկական խաղերի առիթով Հայաստան ժամանած` Քեսաբի հայ համայնքի ներկայացուցիչ Շանթ Լնցյանը։

«Արդեն 600 տարի է` հայերը Քեսաբում են։ Եվ կարծես ոչ մի տարբերություն չլինի Հայաստանի հայի և Քեսաբի հայի միջև։ Զարմանալի փաստ է, որ 600 տարի հայրենիքից հեռու գտնվողը կարող է պահպանել հայկական մշակույթը, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ ԱՄՆ կամ այլ երկիր մեկնողները մոռանում են նույնիսկ հայոց լեզուն»- ասաց Շանթ Լնցյանը։

Խոսելով Հայաստան տեղափոխվելու մասին` Շանթ Լնցյանը նշեց, որ որքան էլ հայրենիք  վերադառնալու ցանկությունը մեծ լինի, իրենք չեն կարող թողնել Քեսաբի իրենց հողերը, որոնց համար այսքան պայքարել են։

Լնցյանի խոսքով`Քեսաբի դեմ հարձակման ժամանակ հեռացած բոլոր հայերն առանց բացառության ցանկանում էին Սիրիայի իրենց տները վերադառնալ: Համայնքի անդամները միմյանց օգնելով հնարավորինս վերականգնել են ավերված տներն ու եկեղեցիները, ու հիմա համարյա բոլորը վերադարձել են իրենց տները։

«Ես հիմա ինչքան էլ ցանկանամ վերադառնալ իմ մեծ հայրենիք՝ Հայաստան, չեմ կարող, քանի որ իմ փոքր հայրենիքը՝ Քեսաբը, չեմ կարող թողնել։ Այնտեղ հայկական շունչ ու մշակույթ կա, որը պետք է պահպանել։ Մենք դա կանենք»-հավելեց քեսաբահայ մարզիկը։

Scroll Up