Իտալական Ստացեմայում կհարգեն ֆաշիստների եւ օսմանցիների զոհերի հիշատակը

Օգոստոսի 12-ին իտալական Ստացեմա քաղաքում միջոցառում տեղի կունենա՝ նվիրված նացիստների ձեռքով տեղի բնակչության սպանդի 71-րդ տարելիցի հիշատակմանը, news.am-ի տեղեկացմամբ՝ փոխանցում է տեղի La Gazzetta di Viareggio պարբերականը։
Քաղաքացիները կհարգեն նաեւ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը։
Տոսկանայի շրջանում գտնվող Ստացեմա քաղաք կգան Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը եւ գերմանական Մոերս քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Ֆլայշհաուերը։
«Մենք պատրաստ ենք բոլոր ցանկացողների հետ միասին, այդ թվում նաեւ՝ միջազգային մակարդակում, տեղեկություններ տարածել 1944-ի օգոստոսի 12-ի դեպքերի մասին, երբ 560 անմեղ մարդ սպանվեց (ծերունիներ, կանայք, երեխաներ. ամենափոքր երեխան 20 օրական էր – ծ․խ․)։ Այդ դեպքերը բոլոր զանգվածային սպանությունների տխուր խորհրդանիշ դարձան։ Այս տարի լրանում է նաեւ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցը, ինչպես նաեւ Հայերի ցեղասպանության 100 տարին։ Այս դեպքերի հուշը փոխանցելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է», – հայտարարել է Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան։
«Հայաստանի դեսպանի հետ միասին մենք հարգանքի տուրք կմատուցենք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցեղասպանություն, որի մասին հիշատակել է նորին սրբազնություն պապ Ֆրանցիսկոսը»,- ավելացրել է քաղաքապետը։