Չինաստանը շահագրգիռ է Իրան-­Հայաստան երկաթծգի կառուցմամբ և ներկայացրել է մի շարք առաջարկներ

Չինաստանը շահագրգռված է Իրան­-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրով և ներկայացրել է տարբեր առաջարկություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-­ը՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ նախարարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով, քանի որ ծրագիրը շատ կարևոր է մեր հանրապետության համար: «Նախապատրաստվում է այց Չինաստան, որը կկայանա սեպտեմբերի վերջին: Օրակարգում լինելու է նաև այդ հարցը, որովհետև ունենք բավականին շատ առաջարկներ տարբեր կազմակերպություններից: Մենք ընտրել ենք լավագույն երկու առաջարկը և մոտ ապագայում, եթե լինեն նորություններ, դրանք կներկայացնեմ»,­- ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ դա կանի այն դեպքում, երբ կոնկրետ վերջնական համաձայնության հանգեն: «Չինական կողմը մեծ շահագրգռություն ունի երկաթգծի կառուցման գործում և, իմ կարծիքով, լավ առաջարկություններ է ներկայացրել»,­- ասաց Բեգլարյանը:

Scroll Up