Ռուբեն Վարդանյանը ֆինանսական նոր բիզնես է գործարկում

Մոսկովյան կառավարման «Սկոլկովո» դպրոցը, որի հոգաբարձուն է հանդիսանում «Տռոյկա Դիալոգի» (այժմ՝ Սբերբանկ) նախկին հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանը, հետազոտություն է իրականացրել, որի համաձայն, ռուսական հարուստ բիզնեսմենների միջին տարիքը 48-ն է։ Նրանք բոլորը 10–20 տարի հետո իրենց բիզնեսն ու կարողությունը փոխանցելու հետ կապված ծառայությունների կարիք կունենան։ «Խոսքը միայն օլիգարխների մասին չէ, այլեւ՝ միջին մակարդակի բիզնեսմենների», — ըստ NEWS.am-ի՝ Forbes-ին պատմել է Վարդանյանը։
2015-ի ամռան սկզբին նա հիմնադրել է Phoenix Advisors և multifamily office-ը (այս անվանումը առայժմ չեն բացում)։ Նրանց աշխատանքը ղեկավարում է «Ռենեսանս կապիտալ»-ի նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն․ նա է պատասխանատու հիմնական հաճախորդների հետ շփումների համար։ 2015-ի գարնան վերջին Մերզլենկոն Phoenix Advisors-ի տնօրեն է նշանակել նախկին ավագ գործընկերոջը՝ «Երրորդ Հռոմ» ընկերության ընտանեկան օֆիսի ղեկավար Ալեքսեյ Ստանկեւիչին։ Նրա պարտականությունների մեջ է մտնում գործարքների եւ ակտիվների կազմավորումը, կապիտալների փոխանցման նախագծումը։ Բիզնեսի մի կարեւոր մասը պրոտեկտորատների ստեղծումն է։ Պրոտեկտորը (Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը) ընտանեկան բիզնեսում ներկայացնում է ժառանգորդների շահերը (ընկերություններ, թրասթներ, հիմնադրամներ)։ Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է ընտանիքի ակտիվների պաշտպանության համար․ նա ունի ժառանգորդների համար նման մեխանիզմ կիրառելու փորձ, փոխանցում է Forbes-ը։
Phoenix Advisors-ը բիզնեսմենին կօգնի իր ակտիվների եւ ժառանգորդների շրջանակի նկատմամբ ռազմավարություն մշակել։ Phoenix Advisors-ը կարող է ինքը մատուցել հաճախորդի ընկերություններում համակառավարչի ծառայություններ, եթե հաճախորդը վստահի Վարդանյանի եւ իր թիմի հեղինակությանը, բայց պատրաստ է նաեւ խոշոր միջազգային տների ներգրավել, ինչպես օրինակ՝ Ռոտշիլդների ընտանիքից կամ շվեյցարացի բանկիրներից։ Նախատեսված մեխանիզմի գործարկման դեպքում ժառանգորդը ստիպված չի լինի երկար սպասել ժառանգության փոխանցմանը, իսկ Վարդանյանի ներկայացուցիչները կարող են արագ մտնել տնօրենների խորհուրդ կամ էլ կառավարման այլ օրգաններ ժառանգորդի շահերը պաշտպանելու։
Վճարը կախված կլինի ծառայությունների տեսակից․ դա կարող է կառավարման համար տրվող միջնորդավճարի պես մի բան լինել կամ բաժանորդագրային վճար։