Մուշի իսլամացած հայերը

Մուշի հայերի թիվն այսօր տատանվում է 13000-ից 15000-ի միջև: Ինչպե՞ս կարելի է տարբերակել նրանց Մուշի մյուս բնակիչներից, ի՞նչ լեզվով են նրանք շփվում, Մուշի ո՞ր հատվածներում են բնակվում և ինչո՞վ են առանձնանում մյուս իսլամացած հայերից:

Ցեղասպանության տարիներին Մշո դաշտի հայության գերակշիռ մասը կոտորվել կամ արտագաղթել է: Հայաթափումից անմիջապես հետո հայկական գյուղերում, քրդերից բացի, տեղավորվեցին նաև թուրքմենական որոշ ցեղեր: Սակայն 1930-ականներից սկսած Մշո դաշտ սկսեցին տեղափոխվել Սասունի անառիկ լեռներում պատսպարված հայկական ընտանիքներ, որոնք զբաղեցրին Մուշի մերձակա մի քանի գյուղեր: Սասունից Մուշ հայերի գաղթը, որոշ ընդմիջումներով, շարունակվեց մինչ 1990-ականները: Նրանք Մշո դաշտ եկան ավելի բարեկեցիկ կյանք գտնելու, լեռներում քրդական աշիրեթների հետ անվերջ հակամարտություններից փրկվելու նպատակով: Հիմնականում տեղափոխվել են Սասունի Գելիեգուզան, Սեմալ, Շենիկ, Քաղքիկ գյուղերից: Այսպիսի իսլամացած հայեր ապրում են Մուշի Մոնգոգ, Նորշեն, Հավատորիկ, Խաս և մի քանի այլ գյուղերում:

Ճնապարհը դեպի Մուշ անցնում է Խաս գյուղի միջով, որն ունի, ոչ ավել ոչ պակաս, 24 000 բնակչություն, նրանցից առնվազն 30% հայեր են: Գյուղն ավելի շատ հիշեցնում է քաղաքատիպ ավան, ունի մեծ մզկիթ, մի քանի խանութ և սրճարան: Կյանքն այստեղ եռում է:

Քաղաքին շատ մոտ է գտնվում նաև Մոնգոգ գյուղը, որտեղ բնակվում 50 տուն հայ:

Շատերն արտագաղթել է Ստամբուլ, սակայն Մուշի բնակչության մեծ մասը չի շտապում հեռանալ գյուղերից, ինչպես Սասունում, և դա ինչ-որ տեղ բնական է. ի տարբերություն Սասունի՝ այստեղ հողը շատ ավելի բերրի է, գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմանները հարմար են, ճանապարհների և տրանսպորտի խնդիր չկա: Սակայն մեկ բան ակնհայտ է. լեռնային Սասունում հայերը թեև ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, սակայն ազգային տեսակետից ավելի ապահով ու քիչ թե շատ ազատ են, մինչդեռ Մուշում հայերն ստիպված են վարել զգուշավոր ու փակ կյանք: Եւս մեկ տարբերություն. Մուշում հայերը հարևան են հիմնականում քրդերի, իսկ Սասունում՝ ավելի շատ արաբների հետ: Փաստերը ցույց են տալիս, որ թեև երկուսի դեպքում էլ ազգային ու կրոնական խնդիրները մշտապես հետևում են հայերին, սակայն քրդական աշիրեթների հաարևանությամբ հայերն ավելի մեկուսացած են:

Ի տարբերություն Սասունի՝ Մուշում բացարձակապես չեն մնացել քրիստոնյա ընտանիքներ: Մուշի հայությունն ամբողջովին իսլամացված է, նրանց մի հատվածը ձևականորեն է ներկայանում որպես մահմեդական և վերջին տարիներին մշակույթի միջոցով ջանում է վերագտնել իր հայկական ինքնությունը, շփումներ ունենալ մյուս հայերի հետ: Սակայն Մուշի հայերի մեջ կա նաև մեկ այլ՝ մոլեռանդ մահմեդականների վերածված հատված: Սովորաբար սրանք ավելի շատ են կառչում կրոնից, քան քուրդ կամ թուրք մահմեդակաները: Սա հատուկ է շատ կրոնափոխների, ովքեր, շատ լավ գիտակցելով իրենց հայ լինելը, այս կերպ փորձում են մահմեդականից ավելի մահմեդական երևալ և կասկածի տեղիք չտալ, թե երբևէ կհեռանա իսլամից:

Արժե նշել մի կարևոր հանգամանգ. անկախ ամեն ինչից՝ այս երկու խմբերն էլ խստորեն շարունակում են փրկված սասունցիների մեջ ձևավորված ներհամայնքային ամուսնությունների ավանդույթը. հազվադեպ են քրդերի հետ ամուսնությունները:

Եւս մեկ հետաքրքիր իրողություն. Մուշի հայերը գրեթե բոլորն էլ արաբախոս են, ինչպես և Սասունի բնակիչների մեծ մասը: Նրանցից ոմանք թեև գիտեն նաև քրդերեն, սակայն շարունակում են խոսել արաբերեն, ինչպես մինչ Սասունից Մուշ իջնելը: Սա նրանց առանձնացնում է Մուշում մեծամասնություն կազմող քրդախոս բնակչությունից ու ինչ-որ տեղ հեռու պահում քուրդ հասարակությունից: Սասունի արաբերենի այս բարբառը բավականին տարբեր է. այն հասկանում են միայն սասունցիները և կես կատակ կես լուրջ՝ «սասուներեն» են անվանում: Լեզվական այս տարբերության պատճառով տեղի քրդերը Մուշի հայերին անվանում են «սասունցիներ»:

«Հայի այստեղ լինելը պիտի արտասովոր չհնչի»

Մուշի կենտրոնում մեզ դիմավորում է մեր հայ բարեկամներից մեկը, և միանգամից ուղևորվում ենք դեպի Մուշի հայկական առաջին կազմակերպության՝ Տարոն հայրենակցական միության գրասենյակ: Միության անդամ հայերի 99%-ը սասունցիներ են, թեև այդ սերունդն արդեն Մուշում է ծնվել: Տարանջատումներ դնել չեն ուզում. և՜ մշեցի, և՜ սասունցի են, այլ կերպ ասած՝ տարոնցի, դրա համար էլ միության անունը Տարոն է:

Այստեղ մեզ մեծ ոգևորությամբ ծանոթացնում են իրենց առաջիկա ծրագրերի հետ. Մուշի հին հայկական թաղամասի դիմացի բարձրունքի վրա գտնվող ավերված հայկական գերեզմանատունը վերականգնելու են, կազմակերպելու են ոգեկոչման արարողություններ, իսկ հայոց լեզվի դասերը միությունում արդեն մեկնարկել են:

Միության նախագահ Հայրեթթին Արսլանը Մուշը լքելու ծրագրեր չունի, հենց այստեղ խոստումնալից ապագա կառուցելու մեծ ծրագրեր ունեն, նպատակները շատ են: Դեռևս մի քանի տարի առաջ իսլամացած հայերի վերաբերյալ գրված գրքերից մեկում իր անունը թաքցնող Հայրեթթինը գրքի հեղինակի հետ զրույցում մի միտք էր հայտնել, թե «10 տարի անց պատմական Հայաստանի կենտրոն Մուշում հայ մնացած չի լինի: Ի՞նչ հայկական միության մասին կարող է խոսք լինել. եթե իմանան, որ մզկիթ չեմ գնում, դիակս էլ անտեր կթողնեն»:

4-5 տարի առաջ չէր հավատում, որ Մուշում հնարավոր է հայկական միություն հիմնել, իսկ այսօր այդ նույն անձը միության ղեկավարն է և երջանկությամբ փաստում է.

-Մեր երիտասարդները շատ լավն են, ափսոս են, այսպես չթողենք, ապագա ունեն:

Խոչընդոտներ, անշուշտ, կան: Սակայն նոր սերնդի մեջ արդեն հասունանում է այն գաղափարը, որ Մուշի մյուս բնակիչները պիտի ուզած-չուզած ընդունեն իրենց՝ բոլոր լավ ու վատ կողմերով և իրենց իսկ ինքնությամբ: Հենց այդպես արտահայտեց իր միտքը Մուշի հայտնի հայկական հացի փռում աշխատող հայ տղան.

-Պիտի սովորեն, համակերպվեն այն մտքի հետ, որ մենք կանք: Չեն կարող հենց այնպես ջնջել մի ազգի գոյությունը: Տարիներ շարունակ փորձել ենք երևալ քուրդ, փորձել երևալ արաբ, բայց ոչ քուրդ դարձանք, ոչ արաբ, ոչ թուրք: Ես սա եմ, Սաքոյի թոռն եմ, ինչքան էլ ուզենաս Սաքոյին կոչել Սուլեյման, դրանից Սաքոն Սուլեյման չի դառնա: Մեծերը վախենում են, մենք նրանց վերապրածները չենք տեսել, գուցե հեշտ ենք նայում ամեն ինչին: Բայց հավատում եմ, որ պարտավոր ենք սովորեցնել այստեղի մարդկանց մեր ներկայությանը, թող սովորեն: Հայի այստեղ լինելը պիտի արտասովոր չհնչի:

Միության գրասենյակից ուղևորվում ենք Մուշի հին հայկական թաղամաս. այն սկսել են քանդել դեռ 2 տարի առաջ, արդեն կառուցվել է նոր մզկիթի զգալի մասը, տարածքը պարսպապատված է: Տեղի հայերը զգուշացնում են.

-Զգու՜յշ եղեք, շատ մոտիկից մի նկարեք, դատավարություններ են գնում, աղմուկ հանած տարածք է:
Տեղի գնչուները, թուրքմենները և քրդերը, աչքները չորս արած, զննում են անծանոթ դեմքերը, երեխաները վազում ու հարց ու փորձ են անում՝ ովքե՞ր են: Մեր հայ ընկերը վրրդովված ասում է .

-Տեսնում ես, չէ՞, մի մատ երեխա է, բայց ոնց է ամեն ինչ հասկանում:

«Քուրդն ու թուրքը սկսեցին իրար ուտել,մեզ մի պահ մոռացան»

Երեկոյան ջերմ հանդիպում ունեցանք Մուշի կենտրոնում ապրող մեր հայրենակիցներից մեկի տանը: Մեզ դիմավորում է կապուտաչյա, գլուխը ճերմակ շալով ծածկած, միջին տարիքի ժպտերես մի կին, որը խոսում է թուրքերեն և արաբերեն: Ոգևորված պատմում է, որ ամուսինը 10 տարի առաջ Հայաստան էր գնացել և իրենց ազգականներին գտել: Սակայն անմիջապես զգուշացնում է.

-Հիմա որ դուք մեր տանն եք, ոչ ոք չպիտի իմանա Մուշում, գաղտնի պիտի մնա: Ամուսինս ընկերությունում տնօրեն է, աշխատանքի վայրում չգիտեն, որ հայ ենք: Որ իմանան… Ախր ո՞ր մահմեդականը կհանդուրժի, որ հայը իր տնօրենը լինի, իրեն հրամայողը լինի…

Կապուտաչյա հայուհին Բիթլիսի Մոտկան շրջանից է այստեղ հարս եկել.

-Որպես հայերի թոռներ՝ մեզ իրար հետ ամուսնացրին, սասունցիները լավ ժողովուրդ են, բայց մի քիչ խելառ են:

Իր պապիկը ցեղասպանությունից փրկվել է շատ փոքր հասակում, հայտնի չէ, թե երբ ու ինչպես է մահմեդականացել: Սակայն մեր հերոսուհին կրոնափոխության մասին չի խոսում, դա համարում է անցած էտապ, դա մնացել է անցյալում.

-Այսքանից հետո էլ ի՞նչ պիտի փոխվի, ոչինչ:

Այս խոսքերը մեր խոսակցության ընթացքում կրկնում է մի քանի անգամ, կարծես ցանկանա շեշտել, որ ամեն ինչից տեղյակ է, բայց իսլամից հեռանալ չի պատրաստվում:

Տիկինը մեզ պատմում է մի քանի տարի առաջ իր և իրենց հարևանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին.

-Մենք մի մտերիմ հարևան ունեինք, շատ անկեղծ, լավ ընկերներ էինք: Նա չգիտեր, որ մենք հայ ենք: Հետո մի օր ականջին հասնում է, չի հավատում: Այդ մասին իրեն ասած մարդկանց հետ վիճում է. ասում է. «Չի կարող պատահել, ես նրանց հետ շատ մոտ եմ, եթե նման բան լիներ, ես կիմանայ»: Բայց կասկածում է: Գալիս է ինձ մոտ, ասում է. «Քեզ մի բան պիտի հարցնեմ, բայց չնեղանաս: Ճի՞շտ է, որ ամուսինդ հայկական ծագում ունի»: Արյունս սառեց: Չգիտեի՝ ինչ անեմ… Ի վերջո մտածեցի՝ ինչ լինում է՝ թող լինի: Ասացի. «Այո՜: Ես էլ եմ հայ: Մենք հայ ենք»: Ասաց. «Ինչու՞ ես մինչև հիմա չգիտեմ, ինչու՞ եմ ուրիշներից լսում»: Ես էլ նստեցի, հատ-հատ ամենասկզբից պատմեցի… Ամեն ինչ, գլխներովս անցած ամեն բան: Պատմում եմ, պատմում, ու չի վերջանում, պատմություններն ավարտ չունեն: Ամբողջը պատմեցի, ասացի. «Մենք այսքան բանն ապրել ենք, ես ինչպե՞ս քեզ կամ մյուսին ասեի, որ հայ ենք… Ես այսքան երեխաներ ունեմ: Դու չես հասկանա, մեր ցավը շատ խորն է…»:

Մեր հերոսուհին շատ հետաքրքիր ու դիպուկ բանաձևեց, թե ինչ փոխվեց հայերի համար քրդական շարժումից հետո.

Առաջ քուրդն ու թուրքը մեր արյունն էին խմում՝ իրար հերթ չտալով, հետո սկսեցին իրար ուտել, մեզ մի պահ մոռացան, առաջ ավելի անազատ էինք:

Մեր զրույցն ընդհատեց Մոնոգոգ գյուղից ժամանած ազգականը, որը զարմանքով մեզ նայեց այնպես, կարծես ճակատիս գրված էր՝ «Նա հայ է», և ժպտալով ասաց՝ բարև…

65-ամյա հային ոգևորված փորձում եմ հարցեր տալ իր ծննդավայրից, ընտանիքից, սակայն նա ինձնից առաջ է ընկնում ու փորձում հետս խոսել իր իմացած կիսատ-պռաատ հայերենով. «Իմա՞լ իս, սա՞ղ իս, լաո՜»:

Պատմում է, որ ծնվել է Սասունի Քաղքիկ գյուղում, իրենց գառները շատ էին, այդ պատճառով քրդերը շատ էին կռվում իրենց հետ: Իր ծննդավայրը լավ չի հիշում. փոքր է եղել, երբ եկել են Մուշ: Հետագա մի քանի րոպեներին տեղում է հարցերի տարափը. Հայաստանում վիճակն ինչպե՞ս է, աշխատանք կա՞, թե ոչ, իրենց ազգականներին ճանաչու՞մ ենք, նրանց բարև պիտի տանենք…

«Ինչքան հայ կա աշխարհում, այդքան քար թափվի ձեր գլխին. ինշալլահ»

Հաջորդ օրը ուղևորվեցինք Նորշեն գյուղ, որտեղ բնակվում է 6 հայ ընտանիք: Նրանցից մեկի տունը մտնելուց վայրկյաններ անց գյուղի բոլոր հայերը հավաքվում են մեր շուրջը: Մեր ընկերներից մեկը դուրս է վազում ու մի քանի րոպե անց վերադառնում տարեց մի պապիկի հետ.

-Ա՜յ, նայիր, նայիր, ինքը հայերեն գիտի, դե խոսեք, խոսեք:

Պապիկը հետազոտող հայացքով մեզ է նայում, փորձում հայերեն խոսել մեզ հետ, սակայն րոպեներ անց դադար է առնում.

-Հայերեն մոռցեր իմ, լաո՜…

Երևում է,որ հայերեն վաղուց չի խոսել, դժվարանում է:

Ի վերջո մեզ համար հայերեն երգում է «Դերիկոյի երգը»:

Տան տերը, տանից դուրս գալով, բանջարանոց է ուղևորվում, որպեսզի ջրի ելակները, սակայն հայտնաբերում է, որ հարևանները ջուրը կտրել են:

Գյուղում լուրերը շատ արագ են տարածվում, գյուղի քրդերը միանգամից տեղեկացան, որ Հայաստանից հյուրեր են եկել իրենց հարևանների տուն: Երևի հենց այդ պատճառով դիտավորյալ փորձում են կոնֆլիկտի մեջ մտնել հայերի հետ.

-Գյավուրներին տալու ջուր չունենք:

Թեև այստեղի հայերը վաղուց մահմեդական են, սակայն «գյավուր» բառը միշտ հետապնդում է նրանց: Վեճը թեժանում է, լեզվակռիվը՝ երկարում: Ի վերջո տանից դուրս է գալիս պապիկը և բղավում քրդերի վրա.

-Ինչքան հայ կա աշխարհում, այդքան քար թափվի ձեր գլխին. ինշալլահ:

Տան հարսը երեկոյան թեյի սեղանի շուրջ մեզ զգուշացնում է.

-Այստեղի մարդկանց չվստահեք, Մուշի ժողովուրդը լավը չէ: Ես շատ բան եմ տեսել: 8 երեխա եմ ունեցել, 4-ն են կենդանի… Այս հարևանները ամեն օր ինձանից ինչ-որ բան են ուզում, եթե չտամ, շատ կբարկանան: Երեխաներիս դպրոցում «ֆըլլա» (քրդերեն՝ հայ, քրիստոնյա) են ասում: Ամենափոքր տղաս 4 տարեկան է, մի քանի օր առաջ ենք թլպատել: Եթե չանենք, կամ մի քիչ ուշացնենք, միանգամից խառնվում են. «Այդ ինչու՞ չեք թլպատում»: կարծես հարցնեն՝ «Դուք հո գյավուր չե՞ք»: Նախկինում մեզ գործ անգամ չէին տալիս, հիմա գոնե ամուսինս աշխատում է, փառք Աստծո:

Տան տղամարդկանցից մեկը մեզանից հետաքրքրվում է.

-Իսկ հնարավո՞ր է, որ գնանք Հայաստանում կնքվենք, բայց ոչ մի փասթաթղթում չնշվի, այստեղ՝ Թուրքիայում, գաղտնի մնա: Հա՞: Դե ուրեմն ես այդպես էլ կանեմ:

Հրաժեշտից առաջ պայմանավորվում ենք մյուս տարի հանդիպել Հայաստանում. գալու են տան ավագ տղայի համար աղջիկ ուզելու: Տան մեծահասակները մեզ ճանապարհում են իրենց մոռացած հայերենը վերհիշելով.

-Մացեք բարով, էրթաք բարով, լաո՜:

Սոֆյա Հակոբյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

http://akunq.net/

Scroll Up