Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացումը

Օգոստոսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները: Հավատում եմ, որ անկրկնելի ժամանակ կանցկացնեք ձեր պատմական հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը կդառնան ձեր կյանքի լավագույն, անմոռանալի երկու շաբաթը, և դուք  կկարոտեք Հայաստանը, կմտածեք վերադառնալու մասին: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ջերմ, ուրախ, ակտիվ օրեր: Մենք ձեզ սիրում ենք և միշտ ձեզ հետ ենք լինելու այս օրերի ընթացքում»:

Արիտունցիներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Բագին» գրական հանդեսի խմբագիր, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը:

Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը հանդես եկավ Պարույր Սևակի  «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների կատարումով:

Ելույթ ունեցավ Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:

«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 107 երիտասարդ 13 երկրից՝  Բելգիայից,  Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, ՀունաստանիցԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից,  Բելառուսից, Վրաստանից:

 a1a2 a3a4a5a6 a8a9 a10 a11

Scroll Up