Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել

 Հայ երաժիշտները Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով են հանդես եկել երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից «Արմենպրես»­ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8­ին փայլուն ելույթ է ունեցել Beiteddine Art Festival­ի շրջանակում:

«Համերգը մեկնարկել է Խաչատրյանի Սպարտակ սյուիտի կատարմամբ: Այնուհետև բեմ է բարձրացել մեր անվանի և տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով նվագախմբի հետ փայլուն կերպով կատարել է Բրամսի Ջութակի կոնցերտը: Այս կոնցերտի մասերի կատարման ժամանակ բուռն ծափողջուններ են հնչել»,­տեղեկացրեց Արման Պադարյանը:

Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը ղեկավարել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Երկրորդ բաժնում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը: Որպես բիս հնչել է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից հատված: Անդադար ծափահարություններից և «բրավո»­ներից հետո համերգն ավարտվել է: Երեկոյին մասնակցել է մոտ 3000 հանդիսատես: Համերգի բոլոր մասնակիցները, աշխատակազմը, VIP հյուրերն իրենց կրծքին կրել են «անմոռուկ»: Այդ սիմվոլով է զարդարված եղել նաև բեմը»,­հավելեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը: Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես են եկել նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ­Մելիքյանը (բարիտոն):

Scroll Up