Հակոբ Պալյան. « Եթե խայծը տաս, մարդիկ կհակազդեն»

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  ՀՀ սփյուռքի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը: Հայերենի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող քայլերի շուրջ էր Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազգային գործիչ Հակոբ Պալյանի զեկույցը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրը»:

– Պարո´ն Պալյան, գաղտնիք չէ, որ մայրենին Սփյուռքում նահանջ է ապրում: Ձեր կարծիքով, ո՞րն է գլխավոր պատճառը:

– Լեզվի պաշտպանությունը ղեկավարման հարց է, բայց ո´չ անհատ ղեկավարի: Պետք է  ռազմավարություն մշակել՝ նկատի ունենալով, որ լեզուն ազգի գոյատևման հիմնական ազդակն է: Եթե լեզուն կորցնենք, հավաքականությունը ևս կկորչի: Պատմական փաստեր կան, օրինակ՝ Լեհաստանի հայությունը, որը շուրջ 200 հազար էր, անհետ կորած է: Ասում են, որ Ֆրանսիայում Կիլիկիայի շրջանից եկած հայեր կան, բայց… լեզուն կորսված է, իրենք էլ կորսված են:

Լեզվով ժառանգվում են գաղափարներ, լեզուն բառերի միջոցով իմաստ է փոխանցում: Մի օրինակ բերեմ. Ֆրանսիայում դասախոսություն պետք է կարդայի, ուսանողներին հարցրի՝ ֆրանսերե՞ն պիտի խոսենք, թե՞ հայերեն: Ասացին՝ երկու երիտասարդ հայերեն չեն հասկանում, ֆրանսերեն խոսեք: Լավ՝ ասացի ու հարցրի՝ ֆրանսիացիները թռչուն ունեն, որ կոչվում է «գռուե» (grue), գիտե՞ք որն է: Բոլորն իրար երես նայեցին: Հետևի շարքից մեկն ասաց՝ կռունկ: Ամբողջ սրահը բացականչեց՝ ահ, կռունկը: Այդ «ահ»-ն է լեզի ուժը:

Ինչպես ֆրասիացի իմաստասերն է ասում՝ բառերի ժառանգությունը, գաղափարների ժառանգություն է: Մենք ի՞նչ պետք է ժառանգենք առանց լեզվի: Եվ ինչպես Ռաֆայել Իշխանյանը կասեր՝ առանց լեզվի, ի՞նչ ազգ:

Լեզուն լեզվամտածողություն է, ապրում: Շատերին եմ ասում՝ վերցրեք Նարեկացու գիրքն ու բարձրաձայն կարդացեք, ոչի´նչ եթե իմաստը չկարողանաք ըմբռնել, դա տաք գինի խմելու պես մի բան է: Ու մենք այսօր, այդ լեզվի ուժը կորցնելու վտանգի առաջ ենք.Սփյուռքի ամենամեծ խնդիրն է սա:

 1915 թվականից հետո Ցեղասպանության ճանաչման հարցը, Հայ դատը հետապնդելով մենք հիմնականը մոռացանք:

– Ի՞նչ է պետք անել:

– Դպրոցում լեզուն սովորեցնելու համար հատուկ մանկավարժություն է պետք: Իսկ երբ այդ լեզուն սեփական հողիդ վրա չես սովորեցնում, երբ փոքրիկդ Էջմիածնի գմբեթը տեսնելով չէ, որ լեզու է սովորում, հատուկ մանկավարժություն է պետք՝ երկլեզվանի մանկավարժություն: Երկլեզվանի մանկավարժության ամենամեծ մասնագետներից մեկն էլ հայ է՝ Ժիլբերտ Բարգարյանը, ով ճանաչված մասնագետ է:

Լեզուն հեռագիր է, աշխարհաճանաչողության միջոց: Այդ աշխարհաճանաչողությունն է, որ այսօր Սփյուռքը չունի: Սփյուռքյան դպրոցներում լեզու չէ, որ սովորում են, հաղորդակցվելու միջոցներ են սովորում:

Սփյուռքում այսօր լեզվի ուսուցումը հիմնականում պատահականությանն է թողնված:

1974 թվականին նոր էի Ֆրանսիա գնացել: Այցելեցի Վիեն անունով քաղաք, որտեղ մեկօրյա դպրոց էր գործում: Ասացին, որ նախկինում 42 աշակերտ ունեցող դպրոցում, հիմա միայն 12 է ուսանում: Հարցրին, թե իմ կարծիքով՝ ո՞րն է պատճառը: Ասացի՝ ո՞վ է դասավանդում: Պատասխանեցին, թե Ամմանից եկած մի աղջիկ, ով նախակրթարանի 5-րդ դասարանն է ավարտել:

Ահա և գլխավոր պատճառներից մեկը, որը շատ հաճախ մենք անտեսում ենք: Ուսուցիչը պետք է պատրաստված լինի: Եթե ոչ՝ գործը չի հաջողի: Գաղտնիք չէ, որ աշակերտները 5 վայրկանում կարող են մարդուն «կշռել»: Մի՞թե նա կարող է հարգել միջնակարգ կրթությամբ իր ուսուցչին այն դեպքում, երբ ֆրանսիական դպրոցում իր ուսուցիչը համալսարանական կրթություն ունի, ավելի զարգացած է:

Ուսուցիչների ընտրության հարցում պետք է շատ բծախնդիր լինել: Հայերենի ուսուցիչներին պետք է շատ բարձր վարձատրել, ինչը և վերջերս Բեյրութի ճեմարանը սկսեց անել: Հայերենի ուսուցչին ավելի շատ է վճարում, որ շատերը ցանկանան հայերենի ուսուցիչ դառնալ:

Ժողովրդին պետք է հպարտություն ներշնչել, նրան ասել, որ հայերենն այնքան հարուստ լեզու է, որ ամեն բան հայերենով կարելի է ասել: Բոլոր բառերի հայերենը կա, ինչու գործածել օտար բառեր:

– Պարո´ն Պալյան, անդրադառնանք համաժողովին: Ձեր կարծիքով, որո՞նք են արևելահայերենի և արևմտահայերնի մեձեցման ուղիները:

– Հեռանկար պետք է ունենալ, բայց նախևառաջ միասին աշխատելուն պետք է վարժվենք: Պետք է մասնագիտական խումբ ստեղծել, որը և պետք է առանձնացնի այն հարցերը, որոնց ուղղությամբ և պետք է աշխատել:

Պետք է պայքարել ո´չ միայն արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ուղղությամբ, այլև օտարաբանությունների:

Իսկ սա նախևառաջ հպարտության հարց է, քաջության, ինչը և մեզ պակասում է:

Իսկ օտարամոլությունը անցյալից է գալիս: Ռուսաստանում ինչքան արագ ենք կորցնում (կորցրել) մեր լեզուն, Պոլսում ժամանակին շատերը ֆրանսերեն էին խոսում իրենց ընտանիքներում:

20-րդ դարի ամենամեծ հայերից մեկը՝ Շնորհք պատրիարքը, որի մայրենին թուրքերենն էր, որի ընտանիքում իսլամացածներ էլ կային, թուրքական հեռուստատեսությունում խոսում էր հայերեն, նախագահի հետ խոսում էր միայն հայերեն:

Այս է ազգային կեցվածքը, հպարտությունը, որը կորցրել ենք և պետք ունենք վերականգնելու:

– Պարո´ն Պալյան, լրատվամիջոցներն ի՞նչ կարող են անել:

– Մամուլն այս հարցերի մասին անդադար պետք է խոսի: Մեր ազգային գաղափարախոսությունը մշակման պետք ունի: Եվ այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը:

Մեզ հոգեկան, մտայնության հեղափոխություն է պետք և´ լեզվի հարցում և´ մարդկային փոխհարաբերություններում:

Կրթական հարցերն ավելի բարդ են, քան կարծում ենք: Մեկ շենք ավելի կառուցելու փոխարեն, պետք է այդ հարցերով զբաղվել: Ինչպես Օշականն է ասել՝ Մագաղաթն ավելի երկար է ապրում, քան մարմարը:

Հայրենադարձության քաղաքականություն պետք է մշակել, որ մարդիկ ընտանիքներով վերադառնան, ո´չ թե արտագաղթեն:

Լրատվամիջոցները հաճախ այս թեմաների մասին պետք  է խոսեն և ժողովրդին մասնակից անեն այդ խոսակցություններին: Այլապես շատ հաճախ այդ խոսակցությունները մենախոսության են վերածվում: Իսկ երբ ժողովուրդն էլ է մասնակից դառնում, նա տեսնում է իր թերություններն ու փորձում է շտկել դրանք, վերականգնել: Պետք է խոսել ժողովրդի հետ: Եթե խայծը տաս, մարդիկ կհակազդեն:

– Պարո´ն Պալյան, միշտ էլ լավագույն օրինակը սեփական փորձառությունն է: Ազգային հպարտության Ձեր ակունքը ո՞րն է:

– Ընտանիքիցս, հասկանալի պատճառներով, շատ քիչ բան է փոխանցվել: Մայրս Ջարդի սերնդից էր, միայն մանկապարտեզ է գնացել, հայրս…

Մայրս ամառներն ինձ աշխատելու էր ուղարկում: Մի ամառ էլ ուղարկեց կոշկակարների մոտ: Մի օր նրանք ինձ ասացին՝ գիրք բերենք, մեզ համար կարդա. ռադիո չկար այն ժամանակ: Մեկ շնչով կարդում էի նրանց բերած գրքերը: Օր էլ լինում՝ մոտ 10 ժամ կարդում էի, իրենք էլ աշխատում էին:

Ասածս ինչ է՝ հաղորդակցության հարց է: Հայ գրին, գրականությանը, հայ մթնոլորտին պիտի հաղորդակցվես: Մարդիկ այսօր չեն կարդում, ինչպե՞ս պետք է հաղորդակից լինեն այդ ամենին…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up