«Սևանա լիճը շատ նման է Վանա լճին». Վանի համաքաղաքապետ

Այս օրերին ընթացող Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերի կազմում է գտնվում նաև Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը: Օգտվելով առիթից` նրա հետ զրուցեցինք Հայաստանից ստացած տպավորությունների և հայ-քրդական առնչությունների շուրջ:

Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը մեզ հետ զրույցոմ նշեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Ազգությամբ քուրդ և հավատքով ալևի եղող Հաթիջե Չոբանի մայրը դերսիմցի է, հայրը` մարաշցի:

Վանի համաքաղաքապետը հայտնեց, որ Վանի պատվիրակությունը 4 հոգանոց է: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նրանց որոշումը պայմանավորված է հայ-քրդական բարեկամությունն ամրապնդելու ցանկությամբ:

Հաթիջե Չոբանը շեշտեց, որ հայերի ճակատագրին նմանվող ճակատագիր էլ Թուրքիայում ունեցել են և շարունակում են ունենալ նաև քրդերը, որի հետևանքով հասկանում ու կիսում են հայերի ցավը:

Անդրադառնալով նաև Վանա լճի գանձին` Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն, Վանի համաքաղաքապետն ընդգծեց` խիստ կարևոր է, որ այն այցելող հայերը, զգալով իրենց պատկանելությունն այդ հողերին, պահպանեն այդ զգացումն ու հայկական ոգին:

«Ես կարծում եմ, որ քրդերի և հայերի պատմությունները մեծ նմանություններ ունեն, և նրանք պետք է ամրապնդեն իրենց կապերը: Ինքս հայերին եղբայր եմ համարում: Նաև կարծում եմ, որ մենք` քրդերս, պարտական ենք նրանց, քանի որ հայերի գլխին եկածների գործում մասնաբաժին են ունեցել նաև մեր պապերը»,- նշեց Հաթիջե Չոբանը:

Մեր երկիր առաջին անգամ այցելած Վանի համաքաղաքապետը շեշտելով, թե Երևանը գեղեցկությամբ գերազանցել է իր ակնկալիքներին, ընգծեց նաև, որ Հայաստանը շատ տպավորիչ երկիր է, իսկ Սևանա լիճը շատ նման է Վանա լճին:

Մելինե Անումյան
Akunq.net

Scroll Up