«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվեցին Հայկական վիրտուալ համալսարանում

Հուլիսի 28-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մի խումբ մասնակիցներ (Համայնքային գործի կազմակերպիչների, Հայոց լեզվի արագացված ուսուցման և Սփյուռքի կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացներ) այցելեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարան:

Այստեղ մասնակիցներին ընդունեց և նրանց համար ճանաչողական դասախոսությամբ հանդես եկավ Հայկական վիրտուալ համալսարանի հեռավար ուսուցիչ և հիբրիդ (համակցված) ծրագրի համակարգող Արփինե Թալաքալյանը:

Ողջունելով հյուրերին` վերջինս ծրագրի մասնակիցներին ներկայացրեց համալսարանի ստեղծման պատմությունն ու անցած ուղին: «Թեև Հայկական վիրտուալ համալսարան» ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելլի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանի կողմից, սակայն առաջին ուսումնական շրջանը մեկնարկել է 2009 թվականին: Համալսարանի ծրագրերն առաջարկվում են տարբեր մակարդակներով և վեց լեզուներով` հայերեն (արևելահայերեն, արևմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Ի դեպ, թուրքերենով ուսուցումն սկսել ենք իրականացնել համեմատաբար վերջերս` Թուրքիայում ապրող և հայերենին չտիրապետող մեր հայրենակիցների խնդրանքով»,-ընդգծեց Արփինե Թալաքալյանը:

Հայկական վիրտուալ համալսարանի առաջարկած դասընթացները 4 հիմնական ուղղություններով են` հայոց լեզու, հայոց պատմություն, հայկական մշակույթ և շախմատ: Շախմատի հեռավար դասընթացն ստեղծվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ և ներկայացնում է Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի դասընթացի էլեկտրոնային տարբերակը: Այս ծրագիրն անվճար հասանելի է համալսարանի կայքում (www.avc-agbu.org):

Բանախոսը ամառային դպրոցի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց համալսարանի առաջարկած հիբրիդ ծրագրին, որը ներառում է ավանդական և հեռավար ուսուցումը: Այս ծրագիրը հարմարեցված է կանոնավոր և մեկօրյա դպրոցների, ինչպես նաև մեկօրյա կենտրոնների համար: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակից ուսուցիչներին Արփինե Թալաքալյանը հորդորեց օգտվել նաև իրենց կողմից պատրաստված մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերից, որոնք ցանկացողները կարող են անվճար ներբեռնել կայքից:

Հանդիպմանը ներկա մասնակիցներից Արմինե Մանուկյանը, ով Բուլղարիայում գործող «Հայ Լեռ Սոֆիա» հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին է, «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում են Հայկական վիտուալ համալսարանի հետ: Դպրոցը  մասնակցում է համալսարանի առաջարկած հիբրիդ ծրագրին, և ուսուցչուհու խոսքով` իրենք գոհ են դասընթացի արդյունքներից:

Հավելենք, որ Հայկական վիրտուալ համալսարանի ավելի քան 3800 ուսանողները (14-ից մինչև 83 տարեկան) ապրում են աշխարհի 75 երկրներում:

02

Scroll Up