«Հողը կը խօսի» գրքի շնորհանդեսը Ռումինիայում, Գերմանիայում և Մոսկվայում

Հուլիսի 22-ին Մոսկվայի գրողների միությունների միջազգային ընկերակցության տանը  կայացավ «Հողը կը խօսի» ռուսերեն լեզվով գրքի շնորհանդեսը:Այն կազմակերպվել էր Ռուսատանի գրողների Միության  Մոսկվայի քաղաքային կազմակերպության նախագահ, հայտնի բանաստեղծ Վլադիմիր Բոյարինովի և գրող, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկ   Ալբերտ Օհանյանի աջակցությամբ: Այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Ամալյա Իսայանը:

Դահլիճում ներկա էին  ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան,  Ռուսաստանի հայերի միության, Մոսկվայի «Գրական թերթի»,  «Շանթ» հայկական հեռուստաալիքի Մոսկվայի ներկայացուցիչները, ռուս և հայ գրողներ և այլ հյուրեր:

Ուրախալի էր լսել, որ Երևանի պատվիրակությունը`Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը և Տիգրան Գաբոյանը Մոսկվա` գրքի շնորհանդեսին  ժամանել էին Ռումինիայից, որտեղ    հուլիսի 8-15-ը մասնակցել էին  պոեզիայի  19 -րդ  միջազգային փառատոնին:  Նրանք Բուխարեստում հայկական եկեղեցու  մշակութային կենտրոնում  հայկական համայնքի ղեկավար,  Ռումինիայի գրողների Միության նախագահ,  «Շշուկների մատյան» տարբեր   լեզուներով  թարգմանված վեպի հեղինակ Վարուժան  Ոսկանյանի աջակցությամբ կազմակերպել են  նույն այս ժողովածուի` «Հողը կը խօսի»,  անգլերեն լեզվով գրքի շնորհանդեսը:

Այս հրաշալի ժողովածուն  նվիրված է Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցին, որն իր մեջ ներառում է  եղեռնազոհ  արևմտահայ դասական գրողների ստեղծագործությունները: Գիրքը ծնվել է Սփյուռքի  նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնած Սփյուռքահայ գրողների համաժողվին տարբեր երկրներից մասնակցած գրողների նախաձեռնությամբ և Հայաստանի ղեկավարության աջակցությամբ: Գիրքը տպագրվել է Հայաստանի  գրողների միության հրատարակչությունում: Ծրագրի ղեկավարը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը կազմվել է բանասիրության դոկտոր Վազգեն Գաբրիելյանի, բանաստեղծներ Հերմինե  Նավասարդյանի, Ալբերտ Նալբանդյանի, Տիգրան Գաբոյանի և այլ մարդկանց ջանքերով:

Ժողովածուն թարգմանվել և հրատարակվել է նաև անգլերեն և գերմաներեն («Ափ մը մոխիր» խորագրով), այժմ թարգմանվում է նաև ֆրանսերեն:

Ժողովածուներն ընդգրկում է եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցիի, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը: Թարգմանական ժողովածուների տպագրությունը նպատակ ունի աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Հայոց ցեղասպանության մասին:

Պատահական չէ, որ ելույթ ունեցողներն  արժևորեցին գրքի տարբեր լեզուներով  թարգմանության կարևորությունը: Ելույթներից զատ եղան  նաև երաժշտական համարներ:

Ծրագրի  երկրորդ մասում  ներկայացվեց  Երևանում հրատարակված Վլադիմիր Բոյարինովի և Վլադիմիր Սիլկինի բանաստեղծությունների հայերեն լեզվով գրքերը(թարգմանիչ՝ Լևոն Բլբուլյան):

Հաջորդ օրը` հուլիսի 23-ին Հայաստանի  գրողների պատվիրակության առջև իր հյուրընկալ դռները բացեց նաև Մոսկվայի Պ.Է.Ն կենտրոնը, որտեղ նույնպես ջերմ և հետաքրքիր  անցավ «Հողը կը խօսի» գրքի շնորհանդեսը: Երեկոն բացեց  կենտրոնի  փոխտնօրեն Եկատերինա Տուրչանինովան՝ ընդգծելով իր խորին հարգանքը հայ ժողովրդի հանդեպ և զորակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցի առիթով: Երեկոն  հիանալի  վարեց  բանաստեղծ, կինոռեժիսոր, նկարիչ Տատյանա Դանիլյանցը: Ելույթ ունեցան բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Հերմինե Նավասարդյանը, Տիգրան Գաբոյանը և այլ հյուրեր: Հատկանշանական էր «Ճիչ Արարատից» և Հայոց ցեղասպանության մասին այլ գրքերի հեղինակ, իտալացի պատմաբան Ջովանի Գուայտայի ելույթը:

Մեծ սիրով ընթերցվեցին «Հողը կը խօսի» գրքի մեջ զետեղված արևմտահայ գրողների  ստեղծագործությունները՝ հայերեն և ռուսերեն: Իսկ արվեստաբան Ստանիսլավ Այդինյանը ներկայացրեց  իր  պապի սրտառուչ պատմությունը` կապված Ցեղասպանության հետ: Հյուրերը  լավ տպավորություններով հեռացան Պ.Է.Ն. կենտրոնից՝ ակնկալելով նոր հանդիպումներ:

15 622 33 44

5566 7788 99

Scroll Up