Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է www.parliament.am կայքը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ պետք է ամրապնդել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել Ստեպան Սուխորենկոյին հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնել, որ նա մշտապես կմնա հայ ժողովրդի բարեկամը:
Ստեպան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին դիվանագիտական առաքելության ընթացքում իրեն մշտապես աջակցելու համար: Դեսպանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը խարսխված է բելառուս եւ հայ ժողովուրդների երկարամյա բարեկամության վրա: Ստեպան Սուխորենկոն կարեւորել է Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր թափ կհաղորդի համագործակցությանը տարբեր բնագավառներում: