«Իմ ուսուցիչն իմ ազգն է». Արկադի Տեր-Թադևոսյանը հանդիպեց սփյուռքահայ առաջնորդների հետ

Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցները հանդիպեցին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ Մարտական խաչի շքանշանակիր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Երիտասարդ առաջնորդների խնդրանքով՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նախ պատմեց իր զինվորական ուղու մասին, այն ճանապարհի, որի գագաթնակետը, թերևս, Շուշիի ազատագրումն էր:

Այնուհետև հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակը բազմազան էր՝ Շուշիի ազատագրում և թե ինչու «Հարսանիք լեռներում», Հայկական բանակ, մարտական ընկերներ, պրոֆեսիոնալ բանակի անհրաժեշտություն, սահմանում տիրող իրավիճակ, հակահայկական քարոզչություն և այլն:

Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ այն հայ ազատամարտիկի հաղթանակն էր, հավաքական հաղթանակ, որը կայացավ մեր զինվորների փորձառության, մարտական ոգու և հավատի շնորհիվ. «Շուշիի ազատագրում հայ ազգի միասնականության հաղթանակն էր և վառ ապացույցն այն բանի, որ հայն անպարտելի է, երբ միասնական է»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններին, սահմանին լսվող կրակոցներին ու իրական վտանգն իրենց 18-ամյա ուսերին «պահող» հայ զինվորներին՝ Արցախյան ազատամարտի հերոսն ասաց. «Բանակի կորիզը ոչ թե տեխնիկան է, այլ՝ մարդը: Իսկ մենք ունենք այդ ներուժը, ինչը և մեր ամենամեծ զենքն է: Սահմանում կանգնած ու կյանքի փորձառություն դեռևս չտեսած երիտասարդը գիտի, թե ինչ է պաշտպանում: Մենք այստեղ խաղաղ ապրում ենք, իսկ նրանց համար, ամեն օր է «պատերազմ»: Այդ ամենը կհասկանաք, եթե մեկ անգամ լինեք դիրքերում, այդ տղաների կողքին: Մեզ ոչ մի վտանգ չի սպառնա, եթե բանակ-հասարակություն-պետություն կապը լինի անխզելի »:

Երիտասարդ առանորդներից մեկի այն հարցին, թե ով է եղել Արկադի Տեր-Թադևոսյանի ուսուցիչը, ՀՀ Մարտական խաչի շքանշանակիրը մի փոքր լռելուց հետո ասաց. «Իմ ուսուցիչն իմ ազգն է, կյանքում ինչ սովորել եմ, իմ ազգից եմ սովորել: Օրբելի եղբայրներ, Բաղրամյան… ու էլի շատ-շատերը, որոնցից ամեն մեկը կարող է լինել իդեալ յուրաքանչյուրիս համար: Բայց իմ իդեալը հայ ազատամարտիկն է, նրանից եմ նաև կյանքի փորձառություն սովորել»:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքը շարունակեց Սաթենիկ Աբրահամյանը, ով սփյուռքահայ երիտասարդներին պատմեց «Վարդանանք» ակումբի ստեղծման մասին, այն աշխատանքների, որոնք իրականացնում են անցնող 20 տարիների ընթացքում: «Շատ համալսարանականներ եղան բանակաշինության հիմնասյուներից՝ Թաթուլ Կրպեյան, Պետրոս Ղևոնդյան, Տիգրան Սարգսյան, Վարդան Ստեփանյան… 28 երիտասարդներ, որոնք մեզ պատգամ են թողել՝ պահել, պահպանել մեր հայրենիքը, արարել ազատագրված տարածներում, շենացնել Հայաստանը: Նրանք իրենց երազանքները, չապրած տարիները են մեզ թողել: Սփյուռքում, թե հայրենիքում՝ բոլորս պետք է սիրենք, գնահատենք ու աջակցենք մեր հայրենիքին»,-իր խոսքը եզրափակեց ռազմահայրենասիրական ակումբի նախագահը:

Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հոտընկայս ծափահարեցին Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին ու միասին լուսանկարվեցին:

20150724_17213220150724_172135

Scroll Up