Քիշնեւի քաղաքապետարանն «աչք է դրել» հայկական եկեղեցու տարածքի եւ գերեզմանատան վրա

Քիշնեւի քաղաքապետարանը փորձում է խլել տեղի հայկական համայնքին պատկանող՝ Սուրբ Հարություն հայկական եկեղեցու եւ դրան հարակից հայկական գերեզմանատան տարածքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մոլդովայի հայկական համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը:
«Քիշնեւի քաղաքապետարանը ցանկանում է խլել եկեղեցու հարակից տարածքը, որը պատմականորեն հայերին է պատկանում: Տարածքը մայրաքաղաքի կենտրոնում է, հենց այդ պատճառով էլ ցանկանում են վերցնել մեզնից: Դա էլ հերիք չէ. հայկական գերեզմանատունն էլ են ցանկանում: Մի բան, որն անթույլատրելի է»,- ասաց Վեներա Գասպարյանը:
Տեղի հայկական համայնքն արդեն դիմել է դատարան. Վեներա Գասպարյանի խոսքով՝ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, թույլ չեն տալու խլել իրենց պատմական հողն ու գերեզմանատունը:
«Դիմում եմ Հայաստանի սփյուռքի նախարարությանը, Ազգային ժողովին, որ օգնեն մեզ, որ հաղթենք այս պայքարում»,- ավելացրեց համայնքի ղեկավարը: