«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվերը սիրիահայ վերաբնակչին

Նախօրեին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում տեղի է ունեցել բնակարանամուտի արարողություն:

«Արցախպրես»-ի  թղթակցի  (Զոհրա Ըռքոյան) հաղորդմամբ` նորակառույց առանձնատունը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նվերն է համայնքի սիրիահայ վերաբնակիչ Հրաչ Առաքելին, ով 3 տարի է, ինչ բնակվում է Իշխանաձորում: Բնակարանամուտի հանդիսությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ընդհանուր տնօրեն Անդրանիկ Կասպարյանը (ԱՄՆ), հիմնադրամի Արցախի գրասենյակի տնօրեն Էդիկ Գրիգորյանը, Արցախի ծրագրերի պատասխանատու Ջորջ Թափակյանը, Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, բնակիչներ և հյուրեր:

Նորակառույց առանձնատան բակում ներկաներին ասմունքով, երգ ու պարով ողջունել են Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները: Իր խոսքում շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանն ընդգծելով Քաշաթաղում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի կարևորությունը, շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին և ներկայացուցիչներին՝ շրջանին պարբերաբար աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի ընդհանուր տնօրեն Ա. Կասպարյանը, շնորհավորելով նորակառույցի բնակարանատեր Հրաչ Առաքելին՝ անդրադարձլ է հայ ժողովրդի համար Քաշաթաղի շրջանի կարևորությանն ու հավաստել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն այսուհետ էլ շարունակական են լինելու:

Այնուհետև, բնակարանի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է աշակերտներից մեկին և տանտիրոջը: Հիմնադրամի ներկայացուցիչներն ու շրջվարչակազմի ղեկավարը քննարկել են նաև հետագայում իրականացվելիք համատեղ ծրագրեր՝ կարևորվելով մասնավորապես Հերիկի դպրոցի շենքի կառուցմանը, Ուռեկանի գյուղական համայնքում հիմնադրամի աջակցությամբ հիմնված խաղողի այգիներին, ինչպես նաև Վակունիսի գյուղական համայնքի կազմում գտնվող Խաչգետիկ գյուղի վերաբնակեցմանը վերաբերող հարցերն ու Այգեհովիտում կառուցված ալրաղացի գործարկման խնդիրը: Բացի այդ, ծրագրվել է Իշխանաձորում առանձնատուն կառուցել սիրիահայ ևս մեկ ընտանիքի համար:

Հերիկի դպրոցի կառուցման հարցում ձեռքբերված գործնական պայմանավորվածության համաձայն, շրջվարչակազմի կողմից կհատկացվի շինանյութ, իսկ շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մյուս հատկացումներ կկատարի «Թուֆենկյան» հիմնադրամը: Ինչպես նշել է Ա. Կասպարյանը դպրոցի կառուցման հարցը կքննարկեն բարեգործների հետ, որի արդյունքում ակնկալվում է 2016 թվականին սկսել կրթօջախի շինարարությունը: Նշենք, որ «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ բազմաբնակարանոց շենք է կառուցվել Կովսականում, 2 առանձնատուն՝ Իշխանաձորում, սիրիահայ ընտանիքների համար:

սիրիահայ1 սիրիահայ2

Scroll Up