Այվազովսկու «9-րդ ալիք»-ն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Aivazovsky9thw.jpg)
Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունը:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ ցանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին` հիմնականում լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներ ընդգրկված են Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:
The Creative Business բլոգը ստեղծել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ լուսանկարիչներ, նկարիչներ եւ արվեստաբաններ: Բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդեսների, աշխարհի ամենահայտնի թանգարաններում եւ պատկերասրահներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգի համահիմնադիրներն արվեստը ներկայացնում են բիզնեսի տեսանկյունից եւ տարատեսակ թեմատիկ տասնյակների, վերլուծական հոդվածների միջոցով փորձում ապացուցել, որ արվեստի գործեր գնելը լավագույն ներդրումն է: