«Արի տուն»-ը հայ մնալու գրավականներից մեկն է

Նոր, հետաքրքիր ու անսովոր. այսպես կարելի է բնորոշել այն մեկ շաբաթը, որ «Արի տուն 2015»-ի չորրորդ փուլի մասնակիցներն անցկացրել են հայրենիքում: Նրանք այս ընթացքում  բացահայտել են Հայաստանի  առեղծվածային ու գեղատեսիլ վայրերի մեծ մասը:

Մենք էլ շարունակում ենք  ծանոթությունը մասնակիցների հետ և ձեզ ներկայացնում նրանց տպավորություններն ու զգացողությունները:  Այս անգամ  զրուցակցներս Հորդանանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի սաներն են: Ինչպես նշում է ուսուցչուհի Ռաքել Ասատրյան-Մարգարյանը, դպրոցն արդեն 3-րդ անգամ է մասնակցում ծրագրին: 2010 թվականին, երբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել էր Հորդանան, այցել է նաև  իրենց վարժարան: Նախարարը տպավորված է վերադարձել այնտեղից և առաջարկել  հորդանանաբնակ հայ երիտասարդներին՝  միանալ  ծրագրին, հաղորդակից դառնալով իրենց պատմությանն ու արմատներին:

Այսօր, մոտ 100 աշակերտ ունեցող վարժարանից, Արի տուն ծրագրին մասնակցում են 15-ը. «Նրանց համար, ովքեր դեռևս հայրենիքում չեն եղել, Արի տուն ծրագիրը լավագույն հնարավորությունն է: Ինչպես գիտեք ծրագիրն ունի որոշակի տարիքային սահմանափակում (13-ից մինչև 18 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել), սակայն տիկին Հակոբյանը մեզ այդ հարցում  մի փոքր արտոնություն է տվել:  Հորդանանից «Արի տուն»-ին  մասնակցող տասը տարեկան երեխաներ էլ կան: Անչափ շնորհակալ ենք նախարարին նմանօրինակ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի համար»-ասաց տիկին Ռաքելը:

 Վարժարանի թիվ մեկ խնդիրն արաբական աշխարհում հայի տեսակը, դեմքն ու դիագիծը պահպանելն է.ՙՙ Չնայած նրան, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաները նախակրթարանն ավարտեն՝ տիրապետելով մայրենիին, իմանալով հայոց  պատմությունը, սովորույթներն ու ավանդույթները, սակայն  հետո նրանք  իրենց կրթությունը շարունակելով  օտար դպրոցներում օտար լեզուներով, հաճախ մոռանում են սովորածը: «Արի տուն» ծրագիրը հայ մնալու  գրավականներից մեկն է այսօր: Այն նպաստում է, որպեսզի մեր աշխատանքը իզուր չանցնի: Երեխաները գալիս են հայրենիք և կենդանի առնչվում այն ամենին, ինչը տեսել են նկարներով ու լսել պատմություններ դրանց մասին»-անկեղծանում է Ռաքելը:

Տասնութամյա Աշոտ Խանոյանը Յուզբաշյան-Գյուլբեկյան վարժարանի սաներից  է եղել: Երկրորդ  անգամ է Հայաստանում, նրան այս տարի հայրենիք է բերել «Արի տուն» ծրագիրը. «Լավ է, երբ աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդները հավաքվում են մի հարկի տակ, հարազատ միջավայրում: Այստեղ ծանոթացել եմ Սիրիայից Հակոբի և Իրաքից Գևորգի հետ: Մենք արդեն լավ ընկերներ ենք դարձել: Եթե չլիներ այս ծրագիրը,  գուցե նրանց հետ երբևէ կայնքում չհանդիպեի էլ»:

Աշոտն այժմ  համալսարանում է սովորում: Միաժամանակ զբաղվում է շախմատով ու բաստկեբոլով: Ասում է՝ օտարերկրացի ընկերներ շատ ունի, բայց  ազգային էությանը հավատարիմ մնալու համար, մեծամասամբ հայերի հետ է շփվում: Միասին կիրակնօրյա հայկական եկեղեցի  են գնում, ակումբներ հաճախում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ, Աշոտը նույնպես չկարողացավ զսպել  հուզմունքը. դողացող ձայնով էր արտաբերում «Հայր մերը»: Նա լավ  տեղեկացված էր 1915-ի դեպքերից: Զրույցի ընթացքում  Աշոտը պատմեց, որ իր տատն ու պապը հենց այդ ջարդերի ժամանակ են թողել իրենց ավետյաց երիկրը.«Ցավը երբեք չի սպիանա, մոռանալն անհնար է,  բայց մենք պարտավոր ենք ապրել ու համառորեն առաջ գնալ: Մեր սերունդն այլևս իրավունք չունի սխալվելու: Մենք պահանջատեր ենք և նրանք վաղ թե ուշ կանգնելու են Աստծո դատաստանի առջև»: Հաստատակամ ու նպատակասլաց այս երիտասարդը, խոստացավ ուսումն ավարտելուց հետո անպայման վերադառնալ հայրենիք. չհագեցած կարոտ կա հոգում:

Էմմա Վարդանյան

Scroll Up