Ախալցխան անտեսելով անտեսում են ողջ Ջավախքը

Հուլիսի 13-ին Ախալցխայով անցավ համահայկական 6-րդ օլիմպիական խաղերի ջահը, որը սահմանից միանգամից անցկացվեց Ախալքալաք առանց Ախալցխայի հայությանը եւ մարզիկներին ցուցադրելու այն: Տվյալ փաստը չեր կարող անուշադիր ու անտարբեր թողնել Ախալցխայի հայությանը, քանզի ախալցխացիները հանդիսանալով հայկական մշակույթի ու ազգային մտածողության տեր ժողովուրդ չէին կարող անտարբեր մնալ հայկական բնօրրանում՝ Արեւմտյան Հայաստանում վառված ջահին, որը իրենց քաղաքով անցնելիս գնում էր ներկայիս Հայաստանի Հանրապետություն:

Ջահի անցկացումը քաղաքով առանց տեղի հայերի հետ հանդիպելու չեր կարող այդքան վիրավորական լինել, ինչքան այն, որ նույն օրը ջահը հասցվեց Ախալքալաք, որտեղ մեր Ախալքալաքի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց Սբ. Խաչ եկեղեցում տեսնել օլիմպիական խաղերի կրակը:

Հարցը վառված ջահի մեջ չեր եւ թող օրհնյալ լինի տվյալ ջահի կրակը համայն հայության եւ մեր բոլոր մարզիկների եւ ջահը տեղափոխողների համար, այլ այն բազմաթիվ «ջահերի», որոնք երբեմն Ախալցխայով են գնում անտեսելով մեզ, կամ Հայաստանից չեն հասնում Ախալցխա: Արդեն վաղուց անհեռատես տարբեր քաղաքական ուժեր ու անհատներ փորձում են արհեստական կերպով Սամցխե-Ջավախքի զարկերակը տեղափոխել Ախալցխայից այլ քաղաքներ, փորձելով անտեսել ներկայիս քաղաքական իրավիճակը եւ դրա հետ մի հայրենասեր ժողովրդի, որը 1918թ. շրջանի ու համայն հայության համար ամիսներով բացառիկ հերոսամարտ է մղել Թուրքի դեմ: Փորձում են անտեսել աշխարհի ամենահայտնի հայերից Շառլ Ազնավուրի եւ կարդինալ Աղաջանյանի նախնիների ծննդավայր Ախալցխան, որը նաեւ բազմաթիվ այլ հռչակավոր հայեր է նվիրել աշխարհին: Փորձում են ջնջել հայկական պատմությունից այն, որ հենց Ախալցխան է հանդիսացել 19-րդ դարում տարածաշրջանի հզոր հայկական մշակութային կենտրոններից մեկը եւ մեկ ուրիշ ոչ նպատակային տեղում կառուցել երջանիկ ու բարեկեցիկ Ջավախք:

Չի ստացվի, քանզի այն ժողովուրդները, ովքեր դասեր չեն քաղում իրենց պատմությունից ու փորձում են արհեստական կենտրոններ ստեղծել, դատապարտված են անհաջողության: Այստեղ են թաքնված վերջին տասնամյակների Սամցխե-Ջավախքում մեր ժողովրդի բոլոր գրանցած անհաջողությունները:

Եւ այս ամենից հետո մենք ասում ենք, որ մեր իրավունքները խախտվում են իշխանությունների կողմից, որ մենք անտեսված ենք շատ հարցերում: Առաջին հերթին մենք ենք մեր իրավունքները խախտում եւ մենք ենք մեզ անտեսում, քանզի վարում ենք ջայլամի քաղաքականություն բարձրացնելով հարցերը ոչ նպատակային անընկալելի տեղերից միայն մեզ հասկանալի լեզուներով: Հենց Ախալցխայում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը եւ այստեղ են կենտրոնացած երկրի բոլոր տարածաշրջանային մարմիններն ու կազմակերպությունները ու այստեղ է պետք խոսել մեր խնդիրների մասին, պայքարել ցանկացած անարդարության դեմ, ավելի ճիշտ ընկալելի լինելու համար ու ոչ թե անտեսելով Ախալցխան մշտապես անտեսվել ու փակված մնալ:

Հենց Ախալցխան է այն վայրը, որտեղ պետք է քարոզենք մեր հայկական մշակույթը կրկին անգամ լավ ընկալելի դառնալու համար վրաց ժողովրդի ու իշխանության կողմից: Ու հենց ախալցխահայերն են այն ժողովուրդը, որոնք ներկայումս ծարավն ունի Հայաստանի ու այն ամենի, ինչը հայկական է հետեւաբար կարող են կամուրջ հանդիսանալ բազմաթիվ խնդիրների արդարացի լուծման համար: Ու հենց Ախալցխայում է պետք կենտրոնացնել մեր Ջավախքյան բոլոր հիմնական կազմակերպությունները ու եկեղեցին, նրանց արդյունավետ աշխատանքի համար առանց պատճառաբանելու, որ Ախալցխայում հայությունը նվազել է կամ այն Հայաստանից 70կմ-ով ավելի հեռու է եւ դրանում է կայանում ամեն խնդիր: Դեռ երբեք քանակը չի նշանակել որակի բացակայություն եւ երբեք ոչ մի հարց չի լուծվել անտեսելով սեփական ժողովրդին, ինչը Սամցխե-Ջավախքի պարագայում տանում է դեպի ինքնամեկուսացման ու կործանման:

Էդուարդ Այվազյան

Scroll Up