Ախալցխան Անտեսելով Անտեսում են Ողջ Ջաւախքը

Էդուարդ Այվազեան կը գրէ.

Յուլիսի 13-ին Ախալցխայով անցաւ համահայկական 6-րդ ոլիմպիական խաղերի ջահը, որը սահմանից միանգամից անցկացուեց Ախալքալաք առանց Ախալցխայի հայութեանը եւ մարզիկներին ցուցադրելու այն: Տուեալ փաստը չէր կարող անուշադիր ու անտարբեր թողնել Ախալցխայի հայութեանը, քանզի ախալցխացիները հանդիսանալով հայկական մշակոյթի ու ազգային մտածողութեան տէր ժողովուրդ չէին կարող անտարբեր մնալ հայկական բնօրրանում` Արեւմտեան Հայաստանում վառուած ջահին, որը իրենց քաղաքով անցնելիս գնում էր ներկայիս Հայաստանի Հանրապետութիւն:

Ջահի անցկացումը քաղաքով առանց տեղի հայերի հետ հանդիպելու չէր կարող այդքան վիրաւորական լինել, ինչքան այն, որ նոյն օրը ջահը հասցուեց Ախալքալաք, որտեղ մեր Ախալքալաքի ժողովրդին հնարաւորութիւն ընձեռնուեց Սբ. Խաչ եկեղեցում տեսնել ոլիմպիական խաղերի կրակը:

Հարցը վառուած ջահի մէջ չէր եւ թող օրհնեալ լինի տուեալ ջահի կրակը համայն հայութեան եւ մեր բոլոր մարզիկների եւ ջահը տեղափոխողների համար, այլ այն բազմաթիւ «ջահեր»-ի, որոնք երբեմն Ախալցխայով են գնում անտեսելով մեզ, կամ Հայաստանից չեն հասնում Ախալցխայ: Արդէն վաղուց անհեռատես տարբեր քաղաքական ուժեր ու անհատներ փորձում են արհեստական կերպով Սամցխէ-Ջաւախքի զարկերակը տեղափոխել Ախալցխայից այլ քաղաքներ, փորձելով անտեսել ներկայիս քաղաքական իրավիճակը եւ դրա հետ մի հայրենասէր ժողովրդի, որը 1918թ. շրջանի ու համայն հայութեան համար ամիսներով բացառիկ հերոսամարտ է մղել Թուրքի դէմ: Փորձում են անտեսել աշխարհի ամենայայտնի հայերից Շառլ Ազնաւուրի եւ կարդինալ Աղաջանեանի նախնիների ծննդավայր Ախալցխան, որը նաեւ բազմաթիւ այլ հռչակաւոր հայեր է նուիրել աշխարհին: Փորձում են ջնջել հայկական պատմութիւնից այն, որ հէնց Ախալցխան է հանդիսացել 19-րդ դարում տարածաշրջանի հզօր հայկական մշակութային կենտրոններից մէկը եւ մէկ ուրիշ ոչ նպատակային տեղում կառուցել երջանիկ ու բարեկեցիկ Ջաւախք:

Չի ստացուի, քանզի այն ժողովուրդները, ովքեր դասեր չեն քաղում իրենց պատմութիւնից ու փորձում են արհեստական կենտրոններ ստեղծել, դատապարտուած են անյաջողութեան: Այստեղ են թաքնուած վերջին տասնամեակների Սամցխէ-Ջաւախքում մեր ժողովրդի բոլոր գրանցած անյաջողութիւնները:

Եւ այս ամէնից յետոյ մենք ասում ենք, որ մեր իրաւունքները խախտւում են իշխանութիւնների կողմից, որ մենք անտեսուած ենք շատ հարցերում: Առաջին հերթին մենք ենք մեր իրաւունքները խախտում եւ մենք ենք մեզ անտեսում, քանզի վարում ենք ջայլամի քաղաքականութիւն բարձրացնելով հարցերը ոչ նպատակային անընկալելի տեղերից միայն մեզ հասկանալի լեզուներով: Հէնց Ախալցխայում է Սամցխէ-Ջաւախքի նահանգապետարանը եւ այստեղ են կենտրոնացած երկրի բոլոր տարածաշրջանային մարմիններն ու կազմակերպութիւնները ու այստեղ է պէտք խօսել մեր խնդիրների մասին, պայքարել ցանկացած անարդարութեան դէմ, աւելի ճիշտ ընկալելի լինելու համար ու ոչ թէ անտեսելով Ախալցխան մշտապէս անտեսուել ու փակուած մնալ:

Հենց Ախալցխան է այն վայրը, որտեղ պէտք է քարոզենք մեր հայկական մշակոյթը կրկին անգամ լաւ ընկալելի դառնալու համար վրաց ժողովրդի ու իշխանութեան կողմից: Ու հէնց ախալցխահայերն են այն ժողովուրդը, որոնք ներկայումս ծարաւն ունի Հայաստանի ու այն ամէնի, ինչը հայկական է հետեւաբար կարող են կամուրջ հանդիսանալ բազմաթիւ խնդիրների արդարացի լուծման համար: Ու հէնց Ախալցխայում է պէտք կենտրոնացնել մեր Ջաւախքեան բոլոր հիմնական կազմակերպութիւնները ու եկեղեցին, նրանց արդիւնաւէտ աշխատանքի համար առանց պատճառաբանելու, որ Ախալցխայում հայութիւնը նուազել է կամ այն Հայաստանից 70քմ-ով աւելի հեռու է եւ դրանում է կայանում ամէն խնդիր: Դեռ երբեք քանակը չի նշանակել որակի բացակայութիւն եւ երբեք ոչ մի հարց չի լուծուել անտեսելով սեփական ժողովրդին, ինչը Սամցխէ-Ջաւախքի պարագայում տանում է դէպի ինքնամեկուսացման ու կործանման:

Scroll Up