Սա էլ «Արագիլ»-ի պատասխանը բոլոր էրդողաններին. ՀՀ Առաջին տիկին. (լուսանկարներ)

Այսօր «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում տեղի է ունեցել զույգ երեխաների դուրսգրման արարողություն:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտաբնակ Քրիստինե և Մհեր Մուսայելյանների ընտանիքը համալրվել է՝ Ալեքս և Ալեն երեխաների ծննդով, որոնց ծնողները 9 տարի շարունակ անձկությամբ սպասել են: Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո է ստեղծվել «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, ևս ներկա էր արարողությանը:
«Երբ այս ծրագիրը սկսեցինք, շատերը չէին հավատում, որ կգա մի օր, երբ այն իրականություն կռադնա: Այսօր ունեք 100 բալիկ, մինչև գարուն կծնվեն ևս 150-ը, և այս փուլում մենք արդեն կունենանք 250 բալիկ. սա էլ կլինի «Արագիլ»-ի պատասխանը բոլոր էրդողաններին»,-ասել է Ռ. Սարգսյանը:
Պատմական համարվող այս օրվա կապակցությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր խոսքում ուրախությամբ նշել է. «ԼՂՀ առողջապահական համակարգը պատրաստ է հետայսու էլ նման ծրագրերի շրջանակներում աշխատանքներ ծավալել:
«Մոր և մանկան առոջապահության կենտրոնը» համագործակցում է «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ, և այսօրվա մեր փայլուն արդյունքը դրա վկայությունն է»:
«Արագիլ» բարեգործական հիմնադրամի բժշկական փորձագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցն էլ իր հերթին հավելել է. «Այսօրվա ունենք 1500 գրանցված զույգ,որոնցից 500-ը ուղղորդված են տարբեր կենտրոններ:
352-ի մոտ արդեն ավարտված են ցիկլերը, նրանցից 148-ի մոտ հղիությունը արձանագրվել է, որոնցից 74-ը արդեն ծննդաբերել է: Այժմ ունենք 102 երեխա,իսկ մոտակա 2-3 ամսվա ընթացքում էլ սպասում ենք 45-ի: Ընդհանուր արդյունավետությունը 40 տոկոս է, որը համապատասխանում է համաշխարհային ցուցանիշին: Իհարկե շատ մեծ խորհուրդ կա այս ամենի մեջ, որ 100 և 101-րդ բալիկները ծնվել են հենց Արցախում՝ որպես խորհրդանիշ վերածնվող Արցախի»:
«Արագիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանի խոսքով՝ «Վերարտադրողական բժշկության աջակցման «Արագիլ» բարեգործական հիմնադրամի միջոցով բազմաթիվ զույգեր կարողացել են վայելել ծնող դառնալու բերկրանքը, իսկ հարյուրավորներն էլ սպասում են իրենց հերթին»:
«Այսօրվա դրությամբ Արցախից 66 անպտղության խնդիր ունեցողներ են գրանցված, որոնցից 18-ը ծրագրի շրջանակներում հղիացել են. 2-ի մոտ երկվորյակ է լինելու, իսկ մեկի մոտ՝ եռյակ»,-ասել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Վ. Օսիպովը և ավելացրել, որ 2013 թվականից սկսված համագործակցությունը «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ շարունակական է լինելու: Արարողության վերջում ՀՀ Առաջին տիկինը անակնկալ է մատուցել ծննդկանին և նորածիններին: