Հայ գործարարը դատի է տվել Մարկ Ցուկերբերգին՝ խոստումը չկատարելու համար

Անշարժ գույքի առեւտրով զբաղվող հայ գործարար Միրչե Ոսկերիչյանը հայց է ներկայացրել Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի դեմ՝ խոստումը չկատարելու համար: Բանն այն է, որ Ոսկերիչյանը 2,8 մլն դոլարի չափով ձեղչով տուն է վաճառել Ցուկերբերգին, որի դիմաց վերջինս պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնե հովտի էլիտային, որպեսզի Ոսկերիչյանը հնարավորություն ստանա նոր գնորդներ գտնել, հաղորդում է Bloomberg-ը:
Ոսկերիչյանի փաստաբանները պնդում են, որ Ցուկերբերգի պատճառով չի կայացել գործարքը մեկ այլ պոտենցիալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ, որը պատրաստ է եղել այդ տան համար վճարել 4,3 մլն դոլար, ըստ News.am-ի՝ հաղորդում է Gazeta-ն:
Իր հերթին Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր դետեկտիվի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիչյանի ներկայացրած տարբերակի իսկությունը եւ հիմքեր են գտել կասկածելու պոտենցիալ գնորդ արքայազնի գոյությանը: