Նյու Յորքի «Շուշի» պարախումբը համերգով հանդես է եկել Ստեփանակերտում
Երեկ՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Շուշի» պարախմբի գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյան-Քանդարջյանը նշել է, որ տաս տարի առաջ են եղել Արցախում, իսկ սա իրենց երկրորդ այցն է:
«Մինչ Արցախ գալը, մենք ելույթներով հանդես ենք եկել նաև Մոսկվայում և Երևանում, որտեղ բարձր են գնահատել հայկական ազգային երգն ու պարը»,-ասել է Ս. Պասկալյան-Քանդարջյանը և հավելել, որ այս տարի լրացել է պարախմբի 23 տարին:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ «Շուշի» պարախումբը ունի 110 անդամ, որում ընդգրկված են 5-33 տարեկան և´ աղջիկներ և´ տղաներ: «Այս անգամ Արցախում ենք 55 պարողներով, ինչպես նաև մեզ հետ են Լոս Անջելեսից 3 երգիչներ և Նյու Յորքի Ս. Վարդան Մայր տաճարի երգչախմբի լավագույն կատարողները»,-նշել է Ս. Պասկալյան-Քանդարջյանը և ավելացրել, որ նման այցերը շարունակական են լինելու:
Նշենք, որ 1992թ. հեռավոր Նյու Յորքում բնակվող մի խումբ երիտասարդներ, համախմբվելով Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո, հիմնել են պարախումբ, որին 1995թ. Արցախի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ «Շուշի» անվանեցին: Պարախումբը մեծ ճանաչում ունի և բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: 2013թ. «Շուշի» պարախումբն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչված Միջազգային պարային խորհրդի անդամ: