Երևանում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի պրեմիերան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/ma.jpg)
Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի (դրամատիկական թեմայով գրված երաժշտական ծավալուն ստեղծագործություն՝ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համատեղ կատարման համար) պրեմիերան:
Օրատորիայի երաժշտության հեղինակն է Թուրքիայում բնակվող հայ կոմպոզիտոր Ջենք Թաշքանը (Մաժակ Թոշիկյան), իսկ խոսքերի հեղինակը Պերճուհի Բերբերյանը:
ermenihaber.am-ը գրում է, որ ըստ թուրքական «tr.sputniknews.com» լրատվական կայքի` պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երևանում նախատեսված Մաժակ Թոշիկյանի համերգի շրջանակներում: Նշվում է նաև, որ Թոշիկյանին հրավիրել է հայկական կողմը:
Կոմպոզիտորի հայերեն ստեղծագործությունները կկատարեն Պարթև Գարյանը, Սիբիլ Բեկթորոսօղլուն և Լիդա Քյոշեօղլուն:
Համերգի 2-րդ մասում նախատեսված օրատորիայի պրեմիերայի ընթացքում բեմում Թոշիկյանի հետ հանդես կգա Լուսավորիչ խորը դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ, ինչպես նաև մենակատարներ Գևորգ Դավիթյանը, Այլին Աթեշն ու Պողոս Յեղիազարը:
Աղբյուրի հաղորդմամբ` պոլսահայ երգահանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ Երևանում որպես կոմպոզիտոր հանդես գալը: Թոշիկյանը նշել է նաև, որ Հրանտ Դինքին նվիրված օրատորիան 2016 թվականի հունվարին նախատեսում են բեմադրել Լոս Անջելեսում: