Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել՝ դրանցում առկա վնասակար նյութերի պատճառով

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա:
ermenihaber.am-ը գրում է, որ թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող ապրանքները լաբորատորիայում հետազոտվել են: Հետազոտման արդյունքում թուրքական ապրանքներում հայտնաբերվել է արևելյան ծաղիկ կոչվող վտանգավոր թրիփսը: Այդ պատճառով որոշում է կայացվել 20 տոննա դեղձը հետ ուղարկել Թուրքիա»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող դեղձի մեջ վնասակար նյութեր են հայտնաբերվում: