ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/ccc.jpg)
Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց Միաբանության պատրիարքական տեղապահ բարձրաշնորհ Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Արիս սրբազանի՝ ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնելու մտադրությունը և առաջարկեց այդ ընթացքում մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին:
Շնորհակալությամբ ընդունելով նախարարի առաջարկը՝ Արիս սրբազանը ցանկություն հայտնեց մասնակցել «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրները» համաժողովին, ինչպես նաև ապահովել Երուսաղեմից մասնագետների ներկայությունը:
Անդրադարձ կատարվեց Թարգմանչաց և Ժառանգավորաց դպրոցներում ուսուցման կազմակերպման խնդիրներին, նախարարության ծրագրերին մասնակցող մանկավարժների ընտրությանը և հարակից այլ հարցերի:
Սրբազանը նախարարին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Պատրիարքարանի, Հայ համայնքի և Հայ դատի գրասենյակի ակտիվ մասնակցության և համագործակցության մասին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց օրակարգային հարց դարձնել Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի թանգարանում գտնվող ավելի քան 4000 ձեռագրերի և հնատիպ գրքերի թվայնացման հարցը՝ հետագա վտանգներից խուսափելու նպատակով:
Քննարկեցին հայապահպանությանն ուղղված մի շարք այլ հարցեր: