«Ոսկե ծիրան» փառատոնին Հայաստան են ժամանելու Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին
Այս տարի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է լինելու իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին (Ornella Muti): Վերջինս կինոսերներին առավել հայտնի է իտալացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ադրիանո Չելենտանոյի հետ խաղացած ֆիլմերով:
«Տղամարդիկ, հատկապես 70-ական թթ.-ին, բոլորը սիրահարված էին նրան և քնի մեջ տեսնում էին նրան,- ժպտալով ասաց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գրում էhetq.am-ը- Նա գալիս է իր ֆիլմերով և ստանալու է մրցանակ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար»:
Փառատոնի պատվավոր հյուրերից է նաև դերասանուհի Նաստասյա Կինսկին (Nastassja Kinski): Կլաուս Կինսկու դստերը` Նաստասյային մեծ ճանաչում բերեց հատկապես Ռոման Պոլանսկու «Թես»ֆիլմը: 1981թ. այն արժանացավ «Ոսկե Գլոբուս» և «Սեզար» մրցանակների: Ֆիլմը առաջադրվել է նաև «Օսկարի» 6 նոմինացիաներում, որից 3-ը շահել է:
Փառատոնի ընթացքում կլինեն Ն. Կինսկու հետահայաց ֆիլմերի ցուցադրությունները: Կներկայացվեն նրա հայտնի ֆիլմերը` Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսաս»-ը, Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» և Ռ. Պոլանսկու «Թես»-ը:
Փառատոնի մյուս պատվավոր հյուրն է ֆրանսիացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Այս այցի շրջանակներում տեղի կունենա «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի ցուցադրությունը: Ստեֆան Բրիզեի նկարահանած այս ֆիլմում հանդես է եկել Պ. Շենեն:
«Ինձ թվում է այսպիսի նվեր հանդիսատեսին դժվար էր անել, բայց մենք փորձեցինք»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Վերջինս հավելեց, որ հովանավորների պատճառով փառատոնը փոքր-ինչ ճգնաժամի մեջ է, սակայն իրենք ցանկանում են, որ փառատոնը իսկապես դառնա տոն հայ հանդիսատեսի համար և տարեցտարի զարգանա:
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 12-19-ը: