Բելգիայի Սոցիալիստական կուսակցությունը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել
Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված՝ ընդդիմադիր Սոցիալիստական խմբակցությունը հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել: Նախագծի հեղինակներն այս բանաձևով Բելգիայի Սոցիալիստական կուսակցության և վերջինիս բոլոր պատգամավորների անունից մտադիր են իրենց «հստակ դիրքորոշումն արտահայտել Հայոց ցեղասպանության» վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը: Այս մասին armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է բելգիական La Libre պարբերականը:
Բանաձևի նախագծով Ներկայացուցիչների պալատը «1915-1917 թթ. տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները», որոնց համար պատասխանատու է երիտթուրքական կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանություն: Սակայն նշվում է նաև, որ խորհրդարանի կողմից նման ճանաչումը իրավական հետևանքների հարցը չի շոշափում:
Բանաձևի ընդունումը «քաղաքական հանդիսավոր քայլ կլինի, որով ճանաչվում է հայերի կոտորածների՝ իրենց բնույթով և առանձնահատկություններով, համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության հանցագործության մասին կոնվենցիայի դրույթներին», ասված է նախագծում: Միաժամանակ կոչ է արվում ազգային և միջազգային դատական ատյաններին՝ իրենց դիրքորոշումն ընդունելու հարցի վերաբերյալ:
Պարբերականի կայքի հաղորդմամբ՝ բանաձևի նախագիծը ստորագրվել է խմբակցության չորս պատգամավորի, այդ թվում՝ ազգությամբ թուրք պատգամավոր Օզլեմ Օզենի կողմից: