«Արի տուն» ճամբարում վառվեց առաջին խարույկը

Հունիսի 26-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2015թ. առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

 Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մասնավորապես նշեց .«Սիրելի´ երիտասարդներ, հուսով եմ, որ անմոռանալի օրեր ունեցաք Հայաստանում՝ առավել լավ ճանաչելով Ձեր Հայրենիքը, կապվելով նրա բազմադարյան մշակույթին և պատմությանը: Ցանկանում եմ, որ այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ լինի ավելի ամուր»:

 Ֆ. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության և համագործակցության համար:

 Երեխաները ներկայացրին ծրագրի շրջանակներում սովորած ազգային երգեր ու պարեր, ներկաներին պատմեցին Հայրենիքում անցկացրած անմոռանալի տպավորությունների մասին: Երեխաներին հաճելի անակնկալ մատուցեց 2013 թվականի «Արի տուն» ծրագրի մասնակից, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող, երգչուհի Աննա Խանչալյանը:

 Մասնակիցները 9 օրվա ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմամշակութային վայրերին, ունեցան բազմաթիվ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, ստացան հայրենագիտության անմոռանալի դասեր: Ծրագրի վերջին  5 օրերը մասնակիցներն  անցկացրին  Ծաղկաձորյան ճամբարում:

 «Արի տուն» ծրագրի առաջին փուլը ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով:

 Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում էին շուրջ 58 պատանիներ և աղջիկներ  4 տարբեր երկրներից: Այս փուլում ընդգրկված էին 38 սիրիահայ երեխա:

Scroll Up