Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է Զահլեի և Բեքաայի հույն կաթողիկե համայնքի առաջնորդին

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է Զահլեի և Բեքաայի հույն կաթողիկե համայնքի առաջնորդ Իսամ Եուհաննա Տարուիշ եպիսկոպոսին: Ըստ «Ազդակ» օրաթերթի՝ նրան ընկերակցել է Զահլեի գործարարներից Նիկոլա Աբու Ֆայսալը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարաբերությունները և դրանց ամրապնդումը վերջին տարիների ընթացքում: Դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստանում կատարված լիբանանյան ներդրումները, հատկապես Նիկոլա Աբու Ֆայսալի հաջողված ներդրումային ծրագրերը, որոնց շրջանակներում Տարուիշ եպիսկոպոսը վերջերս այցելել է Հայաստան:
Իր հերթին Տարուիշ եպիսկոպոսը ողջունել է դեսպան Քոչարյանին և ուրախությամբ հայտնել Հայաստան կատարած իր այցելության և ժողովրդի հետ ծանոթանալու մասին: Նա կոչ է ուղղել լիբանանցիներին ներդրումներ կատարել Հայաստանում և ամրապնդել հայլիբանանյան հարաբերությունները: