«Արի տուն»-ը` նրանց աչքերով…
Հունիսի 15-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագիրը: «Արի տան» կանչով Հայաստան են այցելել աշխարհասփյուռ մեր զավակները, որպեսզի առավել մտերմանան, կապվեն Հայրենիքին, հնարավորություն ունենան վայելել հայ ժողովրդի սերն ու անկեղծ հյուրընկալությունը` փորձելով արմատներ գցել Մայր Հայաստանում:
Շրջագայությունների ժամանակ էլ «Հայերն այսօր»-ը զրուցել է «Արի տուն» 2015թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցների հետ:
Էլիզաբեթ Վիքերի – Հեռավոր Կալիֆոռնիայից եմ եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին այն հույսով, որ կհաջողվի լավ ժամանակ անցկացնել: 13 տարեկան եմ:
Տատիկս է ռադիոյով լսել և որոշել ինձ առաջակել այս գեղեցիկ ծրագրին մասնակցելու: Շատ եմ ուզում նոր ընկերներ ձեռք բերել, ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և նրա պատմությանը: Ամեն տարի պարտադիր լինում եմ Հայաստանում, բայց այս անգամ բոլորովին այլ զգացողություններով եմ պատված եկել: Չնայած ծնվել եմ ԱՄՆ-ում, հայկական դպրոց չեմ հաճախում, բայց հայերենին լավ եմ տիրապետում, քանի որ տատիկս և ծնողներս աշխատել են այդ ուղղությամբ, միշտ հայերենով են հետս հաղորդակցվել, և ինքս էլ անկախ ամեն ինչից ինձ հայ եմ զգում:
Մեկ դեպք հիշեցի. ծանոթ աղջիկներից մի քանիսը չգիտես՝ ինչու ամաչում են բարձրաձայնել, որ հայ են: Նրանց դեռևս մանկապարտեզից եմ ճանաչում, բայց մինչև հիմա չեմ շփվում նրանց հետ իրենց պահվածքի համար:
Գալով Հայաստան՝ տատիկիս խնդրում եմ, որ հայկական գաթա, փախլավա և խաչապուրի պատրաստի, շատ եմ սիրում, իսկ առավել շատ՝ մեր լավաշն ու պանիրն եմ սիրում:
Լիլիթ Մեժլումյան – Ես 16 տարեկան եմ: Թուրքմենստանում հայկական կիրակնօրյա դպրոց եմ հաճախում, նաև պարի դասընթացների մասնակցում: Հայտնվելով ՀՀ սփյուռքի նախարարոււթյան «Արի տուն» ծրագրում՝ միանգամից ընտելացա շրջապատիս, երեխաների հետ ծանոթությունը հեշտ ստացվեց: Արդեն երրորդ օրն է, որ շրջագայում ենք Հայաստանի տարբեր վայրերով, ծանոթանում մեր մշակույթի պատմությանը, շատ եմ ոգևորվում այդ ամենից:
Շատ եմ ուզում մայրենի լեզվին լավ տիրապետել և հույս ունեմ հայոց լեզվի դասընթացներին մասնակցելով՝ կբարելավեմ հայերեն խոսակցականս, ինչպես նաև կհարստացնեմ գիտելիքներս: Շատ սիրեցի մեզ դասավանդող ուսուցիչներին, ովքեր շատ հետաքրքրիր և սրտացավ ձևով են անցկանում դասաժամերը: Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք Սևան գնալու. երբեք չեմ եղել այնտեղ:
Լիլիթ Սաֆարյան – Ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում, 16 տարեկան եմ: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցելու գլխավոր նպատակս այն է, որ ցանկանում եմ ծրագրի շրջանակում կազմակերպվող հայոց լեզվի դասընթացների ժամանակ հնարավորինս լավ սովորեմ հայերեն խոսելը, քանի որ կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի իր մայրենի լեզվին: Այս ծրագրի մասին համացանցի միջոցով տեղեկացա և միանգամից որոշեցի մասնակցել:
Ինձ մեծ հնարավորություն է տրված նոր ծանոթություններ հաստատել, նորովի բացահայտել Հայաստանը, շփվել մարդկանց հետ: Օրերս «Արի տուն» ծրագրում շատ լավ է անցնում, արդեն մտերմացել եմ ընկերներիս հետ: Իրար խոսք ենք տվել, որ ծրագրի ավարտից հետո էլ կապը կպահպանենք: Միասին եղել ենք Սարդարապատում, Զվարթնոցում, Էջմիածնում և այլ վայրերում: Շատ եմ ուզում Տաթևում լինել, բայց, ցավոք, ծրագրով նախատեսված չէ այնտեղ գնալ: Երբ մայրիկս գա Հայաստան, կխնդրեմ, որ ինձ Տաթևը տեսնելու տանի:
Տիգրան Պետրոսյան – Դոնի Ռոստովից եմ, սովորում եմ 11-րդ դասարանում: Նաև զբաղվում եմ ըմբշամարտով, վեց տարի էլ ձյուդոյով եմ զբաղվել: 16 տարեկան եմ:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցելու որոշումը հինգ ընկերներով ենք կայացրել: Ի դեպ, մեր ընկերներից մեկն է խորհուրդ տվել «Արի տուն» գալ, ով անցյալ տարի մասնակցել էր և գոհ մնացել:
Մտադրվեցի մասնակցել ծրագրին, քանի որ միշտ էլ ձգտում եմ գալ Հայաստան, ծանոթանալ մեր երկրի ավանդույթներին, տեսարժան վայրերին: Ամեն տարի ամառային արձակուրդին այցելում եմ Հայաստան:
Գևորգ Չիչյան