Թբիլիսիի ջրհեղեղի հետեւանքով զոհվել է երկու հայ կին. ՀՀ դեսպան

Թբիլիսի ավերիչ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների մեջ երկու հայ կին կա՝ Եղիազարով քույրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Նա նշեց, որ առայժմ տեղեկություններ չունի, թե նրանք երբվանից էին Վրաստանում բնակվում, գիտի միայն, որ մեծահասակ էին: Վիրավորների մեջ հայեր չկան, իսկ անհետ կորածների մասով դեռ ոչինչ չեն կարող ասել: «Ցավալի բան է եղել, մենք հայտնել ենք մեր օգնելու պատրաստակամությունը»,-ասաց դեսպանը:

Նա նշեց նաեւ, որ ջրհեղեղի հետեւանքով 40 մլն լարիի (18 մլն դոլար) վնաս է հասցվել, բավականին երկար ժամանակ դեռ այստեղ աշխատանքներ կլինեն արվելու: Դեսպանության հետ Հայաստանից կապ են հաստատել բազմաթիվ գերատեսչություններ, կազմակերպություններ, անձինք, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնելու: «Քաղաքի մի մասում է տագնապային վիճակ, մյուս մասում ոչինչ չեն զգացել, օրինակ՝ իմ աշխատավայրի մոտ որեւէ բան չի եղել: Ես երեկ զբոսնել եմ քաղաքով, լիքը մարդիկ կային, գիտեմ նաեւ, որ կենդանաբանական այգուց փախած վտանգավոր գիշատիչներին հիմնականում գտել են»,-ասաց դեսպանը:

Scroll Up