Հայ մշակույթը՝ «Ռուսաստանի կայսերական այգիներ» փառատոնում

«Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց հայ մշակույթը «Ռուսաստանի կայսերական այգիներ» փառատոնում։
Սանկտ–Պետերբուրգի Միխայլովի այգում անցկացվում է այգիների և զբոսայգիների արվեստի և
լանդշաֆտային ճարտարապետության «Ռուսաստանի կայսերական այգիներ» փառատոնը։ Հունիսի 13 –ին փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվեց Հայաստանի մշակույթը։ Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է «Պետերբուրգի հայերի լրաբեր»-ը:
Ծրագրի սկզբում «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալ. Նազարովը ողջունեց ներկաներին։ Նա կարդաց պետերբուրգյան պոետ Սերգեյ Գորոդեցկու «Հայաստան» բանաստեղծությունը։
Այնուհետև հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ռեժիսոր Դմիտրի Ֆետիսովի բեմադրած «Նամակներ Հայաստանից» թատերական —երաժշտական հորինվածքը՝ դերասան Վերոնիկա
Տրետյակովայի և սաքսոֆոնահար Մաքսիմ Խաչատրյանի մասնակցությամբ։
«Ռուսաստանի կայսերական այգիներ» փառատոնը Ռուսաստանի պետական թանգարանն անցկացնում է 2008 թվականից։ 2015 թվականի փառատոնի թեման է «Մեծ մետաքսյա ճանապարհի այգիները»։
«Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը մասնակցում է փառատոնին Ռուսաստանի պետական թանգարանի հրավերով։